«Ես չեմ համարում, որ դա դատավճիռ է, ես ավելի շատ համարում եմ, որ դա հաշվեհարդար է քաղաքական ընդդիմախոսների և իշխանություններին ոչ հաճո քաղաքական գործիչների նկատմամբ»,- այսպես Araratnews.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը մեկնաբանեց «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով օրեր առաջ հնչեցված դատավճիռը:
Իրավապաշտպանը Շահեն Հարությունյանի դատավճիռը համարում է տրամաբանությունից ու բարոյականությունից դուրս քայլ` իշխանության կողմից:
«Շահեն Հարությունյանին դատապարտելն աներևակայելի է, որովհետև անչափահաս պատանուն ներգրավել այդ քրեական գործում և դատապարտելը նույնպես վրեժխնդրություն է: Այս իշխանությունները իրենց առջև խնդիր են դրել օրենքից, բարոյականությունից, տրամաբանությունից դուրս ցանկացած բան անելու: Նրանք իրենց վերապահում են ամեն ինչի իրավունք: «Չի կարելի»-ի սահմանը նրանք անցել են: Նրանք ակնհայտ մարդասպանին կամ մարդասպանության դրդող մարդկանց նշանակում են բարձր պաշտոնի: Նրանք պատանիների նկատմամբ դատավճիռներ են հրապարակում, նրանք հալածում են իրենց քաղաքական օպոնենտներին»,- ասաց Վարդան Հարությունյանը: