Լոռու մարզի Բովաձոր համայնքի հիմնական դպրոցում ամիսներ առաջ մի աշակերտի մորաքրոջ բողոքի հիման վրա աշխատանքից ազատել են նույն դպրոցում երկար տարիներ աշխատած ուսուցչուհի Աիդա Մաղաքյանին:
Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ դպրոցի տնօրենը, չցանկանալով հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, որոշել է տեղի տալ եւ վաստակաշատ ուսուցչուհուն թողնել անգործ:
Մանրամասների համար կապ հաստատեցինք Աիդա Մաղաքյանի հետ, որն այսպես ներկայացրեց տեղի ունեցածը. «Գլխիս ինչ-որ բան են սարքել: Կանչել են մի լրագրողի, որն առանց իմ կարծիքը լսելու, հոդված է գրել, որի պատճառով այսօր չեմ աշխատում: Առաջին դասարանցի երեխան եկել էր լեզվական արատով: Բանավոր խոսքը շտկվել էր, բայց տարրական ավարտական դասարանն ավարտելուց հետո՝ ամռանը, երբ գրավոր քննություն էր հանձնել, ուղղագրական շատ սխալներ էր արել, դրա պատճառով ստացել էր 6 գնահատական: Դա շատ է հուզել երեխայի մորաքրոջը: Ամառային արձակուրդից հետո մորաքույրը, լսելով, որ ես նորից պիտի աշխատեմ դպրոցում (ես թոշակառու եմ, իմ փոխարեն մրցույթով այլ կադր պետք է աշխատեր, բայց մրցույթին մասնակցածներից ոչ մեկը չի հաղթել), եկել է դպրոց եւ ասել, որ ես նրանց երեխային ցածր եմ գնահատել, խտրականություն եմ դրել: Սակայն այդ ամենն ճիշտ չէ»:
Աիդա Մաղաքյանի տեղեկացմամբ՝ երեխայի մորաքույրը դպրոցի տնօրենին սպառնացել է՝ ուսուցչուհին պիտի դպրոցում չաշխատի. «Նա տնօրենին ասել է՝ այստեղից չեմ գնա, մինչեւ չասեք՝ ուսուցչուհին չի աշխատի այս դպրոցում: Տնօրենն էլ, շանտաժից վախենալով, ինձ ասաց՝ դպրոցում այլեւս չեմ աշխատի»:
Ուսուցչուհին ասաց, որ առայժմ սպասում է, թե ինչ քայլեր կանեն պատկան մարմինները, որից հետո ինքն իր ուժերով կփորձի վերականգնել աշխատանքային իր խախտված իրավունքը:
Araratnews.am-ը կապ հաստատեց նաև Բովաձորի դպրոցի տնօրեն Սամվել Խարազյանի հետ, որը հերքեց Աիդա Մաղաքյանի հայտարարությունը, թե շանտաժից վախենալով է ուսուցչուհուն հեռացրել դպրոցից: «Աիդա Մաղաքյանը թոշակառու է: Արդեն երրորդ տարին է, որ ես նրան հրամանագրում եմ աշխատանքի սեպտեմբերի 1-ից հուլիսի 1-ը: Այսինքն՝ ես ոչ թե ազատել եմ աշխատանքից, այլ հրամանագրի ժամկետը լրացել է: Հիմա կա երիտասարդ կադր, որն աշխատում է դպրոցում: Ես խորհրդակցել եմ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանի հետ, որը խորհուրդ տվեց աշխատանքի ընդունել երիտասարդ աշխատողի: Բացի այդ, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն է կարեւորել երիտասարդ կադրերին առաջնություն տալ: Հիմա Աիդա Մաղաքյանին փոխարինող նոր կադրը ժամանակավոր աշխատեց մինչեւ սեպտեմբերի 12-ին հայտարարված մրցույթը: Իսկ մրցույթում հաղթել է ժամանակավոր կադրը եւ արդեն անցել է աշխատանքի»,- մանրամասնեց տնօրենը:
Սամվել Խարազյանը հաստատեց, որ Աիդա Մաղաքյանը երեխաներից մեկի մորաքրոջ հետ կոնֆլիկտ ունեցել է, սակայն նրան նորից չվերընդունելու հիմնական պատճառը դա չի եղել: «Ես երեխայի մորաքրոջն ասել եմ՝ ուսուցչուհին չի աշխատում, ի՞նչ եք ուզում ինձնից»,- մանրամասնեց Բովաձորի դպրոցի տնօրենը:
Մեր դիտարկմանը՝ եթե այդ կոնֆլիկտը չլիներ, Աիդա Մաղաքյանը կշարունակե՞ր աշխատել դպրոցում, դպրոցի տնօրենն ասաց. «Եթե այդ միջադեպը չլիներ, գուցե նոր ուսուցչի հարցը չքննարկեի վերադասի հետ: Վերջնական որոշում կայացնելիս ինձ համար կարևոր է եղել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալի եւ նախարարի խոսքը: Նրանք ինձ ասել են՝ առաջնություն տալ երիտասարդ կադրի: Եթե ասեին՝ թող տնօրենը որոշի՝ ում հետ աշխատել, գուցե ես ընտրություն անեի երկու մասնագետի միջեւ»:
Սոնա Դավթյան