Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր, հռչակված շաքարախտի միջազգային ֆեդերացիայի և առողջապահության միջազգային կազմակերպության կողմից:
Երկրաչափական պրոգրեսիայով ավելանում են շաքարախտով հիվանդները: Հիվանդությունն ախտահարում է ինչպես մեծերին, այնպես էլ փոքրերին: Առավել մտահոգիչ է մեծահասակներին բնորոշ ձեռքբերովի ինսուլինային կայունությամբ ուղեկցվող 2-րդ տիպի շաքարախտի տարածումը մանկահասակ երեխաների շրջանում, որը պայմանավորված է անառողջ և արագ սննդի օգտագործմամբ, շրջակա միջավայրի խորացող բացասական գործոնների ազդեցությամբ, մարզական մշակույթի բացակայությամբ: Շաքարախտի բարդությունները ի հայտ են գալիս տևականորեն արյան մեջ գլյուկոզայի նորման գերազանցող պարունակության պայմաններում, հանգեցնելով տեսողության անդառնալի կորստին, երիկամային խորացող անբավարարության, ծայրամասային, զարկերակային, մազանոթային ցանցի անբավարարությանը կենսականորեն կարևոր օրգաններում:
Չկարգավորված շաքարախտի պայմաններում անհամեմատ ավելի բուռն են ընթանում հիվանդի մոտ առկա ուղեկցող հիվանդությունները, ինչպես օրինակ աթերոսկլերոզը, որը կարող է ձեռք բերել ավելի ագրեսիվ ընթացք, միջին տարիքում առաջացնելով ծերունական տարիքին բնորոշ զառամախտ, սրտի և ուղեղի կաթված և վերջույթների անդառնալի կորուստ: Վատ վերահսկվող շաքարախտը լրջորեն թուլացնում է իմունային համակարգը, ինչի արդյունքում ավելի ծանր է ընթանում ինֆեկցիոն հիվանդությունները՝ ինչպես սեզոնային վիրուսային վարակները, մանկական ինֆեկցիոն հիվանդությունները, այնպես էլ մեր օրերում հրատապ դարձած տուբերկուլյոզը: Վերջինս ամենևին հազվագյուտ չէ շաքարախտի ծանր ընթացքով հիվանդների մոտ: Ցավոք, տուբերկուլյոզային ինֆեկցիան սկսել է ավելի հաճախակիորեն բարդացնել շաքարախտով հիվանդի և նրա բարդությունների բուժումը երբեմն մնալով տևականորեն չախտորոշված:
Համաշխարհային մասնագիտական գրականության մեջ բազմաթիվ են այս երկու հիվանդությունների փոխազդեցությանն ուղղված մասնագիտական հետազոտություններով հաստատված տվյալները: Այս տեսանկյունից առավել կարևորություն է ստանում կոչը՝ ուղղված առողջ ապրելակերպին, որի դեպքում շաքարախտը ինչպես բժշկի և նրանից ոչ պակաս իրազեկված հիվանդի կողմից ճիշտ կառավարման պայմաններում կարող է դառնալ ընդամենը ապրելակերպ և ոչ թե անխուսափելի, ծանր դատավճիռ: Շաքարախտով հիվանդները բացի շաքարի կանոնավոր վերահսկումից (ճիշտ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, ըստ անհրաժեշտության համապատասխան դեղորայք) պետք է անցնեն պարբերական և կանոնավոր հետազոտություններ, ինչպես անոթաբանի, սրտաբանի, նյարդաբանի, նեֆրոլոգի կողմից, այնպես էլ պարտադիր հետազոտվեն՝ իրականացնելով կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա և որովայնի գերձայնային հետազոտություն: Այս ամենի արդյունքում հիվանդությանը իրատեսորեն և խելամիտ վերաբերվելու դեպքում հաջողվում է ապահովել կյանքի բարձր որակ և տևողություն՝ չզիջելով իրենց հասակակիցներին, ունենալով առողջ երեխաներ և ամուր ընտանիք:
Նունե Սողոմոնյան
Շաքարախտային ոտնաթաթի հայկական ասոցիացիայի նախագահ,
Շաքարախտային ոտնաթաթի միջազգային աշխատանքային խմբում Հայաստանի ներկայացուցիչ,
Անոթային վիրաբույժ