տուն Լուրեր Շահագործման է հանձնվել Հայատանի տարածքում վերանորոգված առաջին էլեկտրագնացքը

Շահագործման է հանձնվել Հայատանի տարածքում վերանորոգված առաջին էլեկտրագնացքը

122
0

gnacq

Նոյեմբերի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի լոկոմոտիվային դեպոյում շահագործման է հանձնվել Հայաստանում ТР-3 (տեխնիկական վերանորոգում) տիպի վերանորոգում անցած առաջին էլեկտրագնացքը: Այս մասին տեղեկացնում է ընկերությունը:

Շնորհավորելով երկաթուղայիններին՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նշել է, որ վերանորոգման նոր տեխնոլոգիաների ներդրումը երկաթուղու տեխնոլոգիական զարգացման նոր փուլ է բացում: Ինչպես հիշեցրել է ընկերության ղեկավարը, Հարավկովկասյան երկաթուղում արդեն վերանորոգվում են էլեկտրա- և ջերմաքարշերը:

 «Մենք հերթական քայլ ենք անում առաջ», — ասել է Ս.Վալկոն:

Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդգծել է, որ այս միջոցառումը հերթական անգամ վկայում է երկրի երկաթուղային տրանսպորտի զարգացմանն ուղղված ներդրումների արդյունավետության մասին:

«Դա հերթական անգամ ապացուցում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, իսկ հայ-ռուսական բարեկամական կապերը զարգանում են ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական, մասնավորապես, տրանսպորտի ոլորտներում», — հայտարարել ԱԺ փոխնախագահը:

Երկաթուղայիններին շնորհավորել է նաև Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Էլեկտրագնացքի վերանորոգման ինքնարժեքն արտերկրում կատարվող նույնանման աշխատանքների հետ համեմատած մի քանի անգամ էժան է, դրա հաշվին այս ծառայությունը կարող է մրցունակ գնով առաջարկվել նաև մեր հարևաններին», — նշել է Վ.Մարտիրոսյանը:

Իսկ ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի երկաթուղային համակարգը արդյունավետ զարգանում է:

«Այսօր Հարավկովկասյան երկաթուղին զարգացման նոր փուլ է մտնում: Համոզված եմ, որ նոր էլեկտրագնացքը հայ-ռուսական բարեկամության ռելսերով շարժվելու է ճիշտ ուղղությամբ», — ասել է դեսպանը:

Արտադրամասից բացի, արարողության հյուրերն այցելել են երկաթուղու Ուսուցման կենտրոն, Ենթակառուցվածքի ախտորոշման կենտրոն, ինչպես նաև կառուցվող կոնտեյներային տերմինալ:

ТР-3 տիպի վերանորոգումը գործարանային ցիկլի վերանորոգում է, որը թույլ է տալիս երաշխավորել էլեկտրագնացքի վազքը 500 000 կմ համար: Վերանորոգումն իրականացվել է բացառապես Երևանի լոկոմոտիվային դեպոյի մասնագետների ուժերով:

Մեկ էլեկտրագնացքի վերանորոգման արժեքը կազմել է 36 մլն դրամ, ինչը, ըստ հաղորդագրության, 3-4 անգամ ավելի էժան է, քան արտերկրում: Մինչև 2016 թվականի ավարտը վերանորոգման կկանգնի երկրորդ էլեկտրագնացքը:

Հարավային Կովկասի երկրների մեջ Հայաստանն առաջինն է, որ հնարավորություն ունի էլեկտրագնացքների նման ծավալի վերանորոգում իրականացնել:

Բոլոր վերանորոգվող էլեկտրագնացքներն ուղևորատար են և ուղևորներին են սպասարկում մայրաքաղաքից մինչև Գյումրի, Արարատ, Արաքս և Երասխ հատվածներում:

Նման բարդ տեխնոլոգիական աշխատանքի իրականացումը Հայաստանում հնարավոր էր դարձել Երևանի լոկոմոտիվային դեպոյի հիմնանորոգման շնորհիվ, որը Հարավկովկասյան երկաթուղին ավարտեց 2011 թվականին: Այս դեպոն երկաթուղու հիմնարար ձեռնարկություններից մեկն է, որտեղ իրականացվում է շարժակազմի տեխնիկական սպասարկման և վերանորոգման ամբողջ ցիկլը:

Դեպոյի վերակառուցումը, ըստ հաղորդագրության, թույլ էր տվել ոչ միայն վերականգնել արտադրամասերը՝ հագեցնելով դրանք ժամանակակից սարքավորումներով, ստեղծելով անվտանգ և հարմարավետ աշխատանքային պայմաններ, այլ նաև ձևավորել Հայաստանի խոշորագույն և ժամանակակից մեքենաշինական համակարգերից մեկը:

Այստեղ արդեն իրականացվում է Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող ջերմաքարշերի հիմնական վերանորոգումը, բեռնատար և ուղևորատար վագոնների տեխնիկական զննում և ընթացիկ վերանորոգում:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: