տուն Լուրեր Շաբոյանի կառույցը շրջանցեց Սամվել Ալեքսանյանի ընկերությունը (տեսանյութ)

Շաբոյանի կառույցը շրջանցեց Սամվել Ալեքսանյանի ընկերությունը (տեսանյութ)

110
0

Նախորդ տարվա վերջին Araratnews.amանդրադարձել էր Տիգրան Մեծի  պողոտայի «Երեւան սիթի» սուպերմարկետում կեղծ զեղչերին: Մեր հրապարակումից հետո Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն անդրադարձել է  կեղծ զեղչերի խնդրին:

«Ցանկացած սուպերմարկետի աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր ապրանքներն ունենան համապատասխան տարբերակիչ կոդ (штрих код): Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ակցիայի ժամանակ տարբերակիչ կոդը նշված է հիմնական գնապիտակի վրա, որը հանդիսանում է տվյալ պահին տվյալ ապրանքի վաճառքի իրական գինը: Իսկ առանց տարբերակիչ կոդի և համեմատաբար խոշոր ձևաչափով, ինչպես նաև ակցիայի մասին տեղեկացնող գնապիտակի վրա նշված է նախկին գինը, որպեսզի սպառողը տեղեկանա ապրանքի նախկին արժեքի մասին և ապա` նաև նոր գինը:

Բայց քանի որ խնդիրը պարբերաբար բարձրացվում է սպառողների մոտ, և դեռևս կա թյուրըմբռնում, ապա Հանձնաժողովի աշխատանքի արդյունքում սուպերմարկետների ցանցը ներկայումս սկսել է փոփոխել ակցիայի ժամանակ ներկայացված ապրանքների գնապիտակները՝ տարբերակիչ կոդը նշելով մեկ հիմնական գնապիտակի վրա, որտեղ նշված կլինի  և՛ նախկին, և՛ ներկայիս գինը: Այսինքն` ակցիայի ժամանակ երկու գնապիտակ չի ներկայացվի, ապրանքները կներկայացվեն մեկ հիմնական գնապիտակով»,- տեղեկանում ենք Araratnews.am-ին ուղարկված  ՏՄՊՊՀ-ի  պարզաբանումից:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում  պատկան կառույցի պատասխանը վատ ընկալելի ու ոչ լիարժեք  համարեց. «ՏՄՊՊՀ-ը չի բացառում, որ եղել է խախտում, բայց չի էլ բացառում, որ խախտում չի եղել: Պետք էր պարզել, թե ակցիայով վաճառվող ապրանքի  նախորդ գինը տնտեսավարողը հարկային մարմնին ասե՞լ է, թե՞  ուղղակի այդ գինը  ներկայացված է եղել որպես նոր գին: Այդ հարցի պատասխանը չկա ՏՄՄՊՀ-ի պարզաբանման մեջ»:

Մեր հարցին՝  ՏՄՊՊՀ-ի պատասխանից  կարո՞ղ ենք ենթադրել, որ  պատկան կառույցը` ի դեմս Արտակ Շաբոյանի,  լիարժեք չի պատասխանել, քանի որ «Երեւան սիթի» սուպերմարկետի տնօրենը ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, Պիպոյանը չցանկացավ խնդրին քաղաքական գնահատական տալ:

Սոնա Դավթյան