System of A Down (SOAD) հայտնի ռոք խմբի մեներգիչ և երաժիշտ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել ամերիկյան Rolling Stone ամսագրին, որում խոսել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստում» (The Promise) և «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) ֆիլմերի համար երաժշտությունը գրելու ժամանակ իր զգացմունքների, ստեղծագործական կյանքի և անելիքների մասին:
«Ցեղասպանության ժխտման մասին «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմն անհավանական է: Դա այնքան մոտ է իմ ընտանիքին, Ցեղասպանությունը վերապրած իմ տատին ու պապին, և ես իմ ողջ կարիերայի ընթացքում խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին իմանալու անհրաժեշտության մասին, և թե ինչպես է այն առնչվում այսօրվա հետ: Շատ անգամ եմ ստուդիայում մենակ նստել գիշերը, տանջելով աչքերս և վերանայելով տեսարան տեսարանի հետևից՝ փորձելով երաժշտություն գրել ֆիլմի համար: Ջո Բեռլինգերը (ֆիլմի ռեժիսորը) ցնցող վավերագրող է, և նա միշտ հակասող հայացքներ է ներառում: Նա ֆիլմում ընդգրկել է Ցեղասպանության ժխտումը, որը սարսափելի էր, և ես ասացի Ջոյին՝ սիրտս խառնում է այդ տեսարաններից: Դա հեշտ չէր»,- հարցազրույցում ասել է Թանկյանը:
Երաժիշտը նաև պատմել է, որ մտերմացել է «Խոստում» ֆիլմի սաունդթրեքի գլխավոր հեղինակ Քրիս Քորնելի հետ և խորհուրդներ տվել նրան՝ հասկանալու Ցեղասպանության թեման: