Կարծում եմ՝ իրադարձություններն անարյուն սցենարով զարգացան ոչ թե Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրության շնորհիվ, այլ այն պատճառով, որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել: Այսպես է պատասխանել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքսի» հարցին, թե արդյոք զարմանալի չէ՞ր այն հանգամանքը, որ հենց Նիկոլ Փաշինյանին հաջողվեց համախմբել մարդկանց եւ նրանց բողոքն իրացնել անարյուն ճանապարհով:
Քոչարյանը խոստովանում է, որ եթե իշխանությունները ցանկանային՝ արյուն կթափվեր։ Ի դեպ, սա հետաքրքիր է այնքանով, որ այս մասին ակնարկել էր նաև Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ իր վերջին հանդիպմանը, ասելով՝ դուք չեք քաղել դասեր մարտի 1-ից, իսկ իր հրաժարականի տեքստում ավելացնում է նաև, որ դա իրենը չէ։ Ի՞նչն է Սերժ Սարգսյանինը՝ դա կգնահատի ժամանակը, սրա մասին չէ, որ ցանկանում ենք խոսել։ Թեման այստեղ այլ է։
Քոչարյանն այս նախադասությամբ խոստովանեց, որ մարտի 1-ի հեղված արյան պատասխանատվությունն իր վրա է։ Որովհետև եթե, ըստ Քոչարյանի, 2018 թվականին իշխանությունների խաղաղասիրության շնորհիվ տեղի ունեցավ Փաշինյանի ղեկավարած ուժի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, ապա 2008 թվականին նույնը չեղավ Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժի դեպքում, երբ 10 մարդու կյանք խլվեց:
Հիմա Քոչարյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի և այս հայտարարությունն անում է ըստ էության բանտի ճանապարհին, երբ գրեթե կան մի շարք ապացույցներ, որ Քոչարյանն անձամբ է բանակը ներքաշել քաղաքականության մեջ և ըստ էության մարդկանց սպանելով տապալել է սահմանադրական կարգը։ Քանի որ 2008 թվականին Քոչարյանն էր իշխանության ղեկին, ուրեմն այդ օրերի ողջ պատասխանատվությունն ընկնում է հենց իր ուսերին, որովհետև սպանվել է 10 մարդ, և բազմաթիվ վիրավորներ են եղել։ Երկրում ապօրինաբար հայտարարվել է արտակարգ դրություն, բանտերը լցվել են քաղբանտարկյալներով և այլն, և այլն։
Քոչարյանի ասած այս միտքը կարող է դառնալ շրջադարձային հանգրվան, և սա պատասխանն է չարչրկված այն հարցի, թե ինչո՛ւ սպանվեցին մարդիկ։
Հարություն Մկրտչյան