Մինչև Կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը քվեարկության դնելը խորհրդարանում կրկին բանավեճ սկսվեց։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթին, որում վերջինս ակնարկեց, որ նորաթուխ քաղաքական գործիչները կարող են դալաններում ծեծի ենթարկվել:
«Պադյեզդների վերաբերյալ ունեցած Վահրամի ելույթից հետո ՀՀԿ-ն ու իր ղեկավար Սերժ Սարգսյանը կարիք ունեն բացատրելու, թե ինչ առնչություն ունեն իրենք Վահրամ Խորխոռունու և Գևորգ Մհերյանի հետ պադյեզդներում ծեծի կապացությամբ։ Եվ եթե մեզ նման բան են հիշեցնում, ես էլ ՀՀԿ ղեկավարին ուզում եմ հիշեցնել Ռումինիայի ղեկավար Չաուշեսկուի ճակատագրի մասին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը զգուշացրեց` եթե պատգամավորները շեղվեն վարման կարգից, ապա ստիպված է անջատել խոսափողները։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, վարման կարգով արձագանքելով, հիշեցրեց Բաբլոյանին, որ Ազգային ժողովը «հիմնարկ չէ, Բաբլոյանն էլ՝ դիրեկտորը»։ «Պարո՛ն Բաբլոյան, մենք ձեր աշխատողները չենք: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների ելույթին, որ անդրադարձաք «Լուսավոր Հայաստանին», «Քաղաքացիական պայմանագրին». գիշերները ձեր քունը չի՞ տանում, հա, որ «Ելք» դաշինքը միասնական է, չի քանդվում, երազում եք, որ մի բա՞ն լինի: Չի՛ լինելու, մի՛ անհանգստացեք, ձեր կուսակցության մասին մտածեք, որ օրը իշխանություն չունենաք` էդքան անդամ չեք ունենալու, կարող է՝ մի հինգ հոգի մարդ մնաք էդտեղ։ Մեր դարդով մի՛ տառապեք»,- ասաց նա։
Դարձյալ վարման կարգով արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բաղդասարյանը՝ փորձելով սրբագրել իր նախորդ ելույթը: «Ցավում եմ, որ գործընկերներս լավ չեն հիշում այն մեջբերումները, որ դա վերաբերում էր հեղինակությանը, որ կվախենան մենակ մութ պադյեզդներով բարձրանալ։ Իսկ «Լուսավոր Հայաստանի» և «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապված կուզենայի ասել հետևյալը՝ համբերե՛ք մինչև 2018 թվականը»։