տուն Լուրեր Սերժ Սարգսյանի ներուժն արցախյան հարցում օգտագործել պետք չէ. ԱԳ փոխնախարար

Սերժ Սարգսյանի ներուժն արցախյան հարցում օգտագործել պետք չէ. ԱԳ փոխնախարար

108
0

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանը հայտարարել էր՝  կարելի է Արցախի խնդրի  համար հատուկ բանագնաց ներգրավել Սերժ Սարգսյանին:  Այս խոսքերից հետո մամուլում լուրեր հրապարակվեցին, թե  պայքար է սկսվել նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ, թե ո՛վ է բանակցելու Հայաստանի անունից  ԵԱՀԿ Մինսկի խմբում: Այս եւ այլ հարցերի շուրջ Araratnews.am-ը զրուցեց Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանի հետ:

Պարո՛ն Ռուբինյան, ինչպե՞ս եք արձագանքում Արսեն Խառատյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը գուցե լինի  արցախյան խնդրի հատուկ բանագնաց Հայաստանից:

Ես համաձայն չեմ  Արսեն Խառատյանի հայտարարությանը: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի ներուժն օգտագործել պետք չէ:

Մամուլի տեղեկությունները, թե  Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ մրցակցություն կա՝ ո՛վ պետք է բանակցի Հայաստանի անունից արցախյան խնդրի համար, հավաստի՞ են:

Այդպիսի հարց գոյություն չունի: ՀՀ-ում արտաքին քաղաքականությունը վարում են վարչապետն ու արտաքին գործերի նախարարությունը:

Թերթերից մեկը վերջերս գրել էր, որ  Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը  Հայաստանում կատարվող ձերբակալումներն արտաքին աշխարհում  այնպես չի ներկայացնում, որ  դա չընկալվի քաղաքական հետապնդում: ԱԳ նախարարի աշխատանքն այս տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում: 

Ես չեմ կարծում, որ կարիք կա դա ինչ-որ կերպ ներկայացնել: Հայաստանի համապատասխան մարմինները իրականացնում են օրենքով գործողություններ:

Այսինքն՝ վստահ եք, որ  արտաքին աշխարհում դա չեն ընկալում նաև քաղաքական  հետապնդում:

Ինչո՞ւ պետք է այդպես ընկալեն: Կարծում եմ՝  կարիք չկա  առանձնահատուկ ջանքեր գործադրել այս առումով: Եթե անհրաժեշտ լինի՝  Զոհրաբ Մնացականյանը քայլեր կձեռնարկի:

Սոնա Դավթյան