տուն Լուրեր Սերժ Սարգսյանի լուսանկարները կիջեցվե՞ն պատերից

Սերժ Սարգսյանի լուսանկարները կիջեցվե՞ն պատերից

168
0

Ապրիլի 9-ից հետո ո՞ւմ լուսանկարն է փակցված լինելու պաշտոնյաների աշխատասենյակում՝ վարչապետի, ով փաստացի դառնալու է երկրի առաջին դեմքը, թե՞ նախագահի, որի լիազորությունները բավականաչափ սահմանափակվելու են: Բազմիցս է խոսվել այն մասին, որ գրեթե բոլոր պետական գերատեսչությունների ղեկավարների, ղեկավարների տեղակալների եւ մանր ու միջին տրամաչափի այլ չինովնիկների աշխատասենյակներում փակցված է Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ զինանշանի եւ դրոշի կողքին: Վերջին երկուսը պետական խորհրդանիշներ են, իսկ Սերժ Սարգսյանինը փակցված է, որովհետեւ նախագահն է համարվում պետության գլուխը:

Փոփոխված Սահմանադրությամբ երկրի առաջին դեմքը լինելու է վարչապետը, հետեւաբար, զինանշանի եւ դրոշի կողքին լինելու է հենց նրա լուսանկարը: Սա ենթադրում է, որ առաջիկա ամիսներին Սերժ Սարգսյանի լուսանկարը պետական պաշտոնյաների աշխատասենյակներից պետք է հանվեն: Եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը հերթական անգամ չլինի երկրի առաջին դեմքը, այս անգամ` վարչապետի կարգավիճակով: ՀՀԿ-ն արդեն իսկ հստակեցրել է նախագահի իր թեկնածուին: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: Վերջինս ժամանակ է խնդրել որոշում կայացնելու համար եւ այժմ գտնվում է Լոնդոնում: Վերջինիս գրասենյակից հայտարարել էին, որ Սարգսյանը միայն շաբաթվա վերջին կվերադառնա՝ որոշումով:

Ինչ վերաբերում է վարչապետի ՀՀԿ թեկնածուին, ապա այստեղ իշխող կուսակցությունը դեռ ինտրիգը պահպանում է: Կշարունակի՞ արդյոք Կարեն Կարապետյանը մնալ վարչապետի պաշտոնում, թե՞ Սերժ Սարգսյանը կգնա ընդառաջ ՀՀԿ-ականների «խնդրանքներին»` շարունակելով մնալ փոփոխված Սահմանադրությամբ երկրի առաջին դեմքը: Այս սցենարի դեպքում Սերժ Սարգսյանի լուսանկարը պատերից իջեցնելու խնդիր չի առաջանա:

Սերժ Սարգսյանի նկատմամբ առանձնակի սեր ունեն նաեւ քննիչները: Մեկ անգամ չէ, որ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՔԾ պետին` հորդորելով վերջինիս հանել իր եւ իր ենթակայության տակ աշխատող քննիչների աշխատասենյակներից Սերժ Սարգսյանի լուսանկարը:  Այն չի կատարվել:

Վարչապետի՞, թե՞ նախագահի լուսանկարի ներքո են աշխատելու պետական գերատեսչությունների ղեկավարներն ու ՀՀԿ-ականները՝ կուսակցական վարչապետի՞, թե՞ անկուսակցական նախագահ Արմեն Սարգսյանի` իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն այս հարցի վերաբերյալ զգույշ են արտահայտվում: Խորհուրդ են տալիս իրենց աշխատասենյակներ այցելել ապրիլի 9-ից հետո, տեսնելու համար, թե ում մեծադիր լուսանկարն է փակցված իրենց գլխավերեւում:

 Փայլակ Ֆահրադյան