տուն Լուրեր Սերժ Սարգսյանը Մոգերինիին է ներկայացրել ադրբեջանական սադրանքների մանրամասները

Սերժ Սարգսյանը Մոգերինիին է ներկայացրել ադրբեջանական սադրանքների մանրամասները

109
0

serj mogՀՀ֊ԵՄ հարաբերություններում կարելի է գոհունակությամբ խոսել վերջին երկու տարիների համատեղ ձեռքբերումների մասին: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը:

Հանդիպմանը ևս, ինչպես նախորդ օրը կայացած ԵՄ կառույցների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ, անդրադարձ է եղել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, Սահմանադրության փոփոխություններից հետո իրականացվող լայնածավալ աշխատանքներին` ուղղված երկրում ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Նախագահը, ի պատասխան տիկին Մոգերինիի հարցի, ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և շնորհակալություն հայտնել ընտրությունների անցկացմանը ԵՄ աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, առկա խնդիրներն ու մտահոգությունները: Նախագահը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի ապակառուցողական պահվածքն ու այդ երկրի կողմից ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով ու նաև Հայաստանի պետական սահմանի վրա պարբերաբար հրահրվող սադրանքները, հրաժարումը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումից, որոնք, ըստ նրա, հարցականի տակ են դնում միջազգային հանրության՝ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված երկարամյա ջանքերը և ողջ բանակցային գործընթացը։