Պետությունը մեր զինվորի կողքին չէ: Պետական մարմինները մեկ լումա անգամ չեն տրամադրել Գերմանիա բուժման մեկնած զինվորներին, գումարները տրամադրվել են մասնավոր անձանց կողմից: Մինչդեռ պետությունը զինվորներին պետք է անհրաժեշտ օգնություն ցուցաբերեր: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Արման Լազգիյանի դեպքում նույնիսկ պետպատվերի գումարը չի փոխանցվել «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ պատճառաբանելով, որ հիվանդանոցը պետությանը նման հայտ չի ներկայացրել: Հիվանդանոցն իր միջոցներով է կազմակերպել զինվորի բուժումը: Բռավո այդ բուժհաստատությանը և նրա ղեկավարին»,- ասաց նա: Անահիտ Բախշյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ կենտրոնական զինվորական կլինիկայում այս պահին շարունակում են բուժում ստանալ նաև ծանր վիրավորում ստացած զինծառայողներ Ավետիս Զարգարյանը և Ռոլանդ Սահակյանը: «Անձամբ կլինիկայի ղեկավար Արամ Ասատուրյանը հայտարարել է, որ քննարկվում է բուժման նպատակով նրանց արտասահման տեղափոխելու հարցը: Հրաշքով ողջ մնացած տղաների բուժման համար գումար խնայելը նմանվում է «բալը թանկ ա» հայտնի խոսքին: Ցավալի է նաև այն, որ քար լռություն է ԼՂՀ իշխանությունների կողմից: Մինչդեռ նրանք ևս պետք է աջակցեին վիրավոր զինծառայողների բուժմանը»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Ասուլիսին ներկա վիրավոր զինծառայող Արման Լազգիյանի հայրն էլ հայտարարեց, որ որդու բուժման համար անհրաժեշտ գումար հավաքելու համար դիմել է Սերժ եւ Ռիտա Սարգսյաններին, սակայն պատասխան մինչ օրս չի ստացել: Միքայել Լազգիյանը նաեւ նշեց, որ մի խումբ քաղաքացիներ փորձել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում դրամահավաք իրականացնել, սակայն իշխանություններն արգելել են: «Արմանը կռվել է թասիբով, նամուսով, խաչ է կանգնացրել թուրքի դեմ… Պետությունն ինձանից վիրավորվել է, որովհետեւ ասել եմ՝ համակարգը չի գործում, երեւի սխալ եմ ասել, համակարգը լավ էլ գործում է, բայց ի վնաս ժողովրդի, սխալվել եմ, սխալս ուղղում եմ, սիրելի համակարգ, գործում ես, տեսնում ենք…»- ասաց վիրավոր զինծառայողի հայրը: Լազգիյանը շեշտեց, որ որդին կռվել է հանուն հայրենիքի, իսկ այս իշխանությունները այդ հայրենիքը չեն:
Միքայել Լազգիյանը նշեց, որ որդու վիճակը Գերմանիա տեղափոխվելուց հետո բավականին լավացել է, սակայն արդեն 10 օր է` Արմանն ուղղակի պառկած է հիվանդանոցում` ֆինանսական խնդիրների պատճառով բուժումը դադարեցվել է:
«Նրան պետք է վերականգնողական կլինիկա տեղափոխենք, սակայն դրա համար էս պահին 60 հազար եվրո է պետք, ինչը, բնականաբար, չունենք: Խնդիրն էն է, որ հիվանդանոցը կանխավ ուզում է ավելի շատ գումար` ասելով, որ եթե հետագայում տղաս որևէ վիրահատության կարիք չունենա, գումարը մեզ հետ կվերադարձնեն: Կուզեի` պետությունն իր վրա վերցներ գոնե էս գործընթացը, որ զանգեին, զգուշացնեին` թող տղաս տեղափոխվի, և ինչ անեն` միայն այդ գումարը փոխանցենք, ոչ թե նախօրոք միանգամից 60 հազար եվրո վճարենք»,- ասաց Լազգիյանը:
«Ես պետությունից փող էլ չեմ ուզում, բայց գոնե իրավաբանական ու թղթաբանական, բարոյական աջակցություն կարո՞ղ են ցուցաբերել: Հայրենասիրությունս ինձ քացու տակ է գցել, ու ես չգիտեմ` ի՞նչ անել, բայց վստահ եմ` եթե Արմանը Գերմանիայում չբուժվի էլ, միևնույն է՝ վերադառնալու է հայրենիք: Արմանը փախչող չի: Էնպես չի, որ մենք չգիտեինք, որ պատերազմ է լինելու, քանի որ Ալիևի` միլիոններով գնած զենքը մի օր կրակելու էր»,- ասաց նա: