ՀովիկԱբրահամյանի երեկվա հրահանգը, որ նախարարները իջնեն, խոսեն լրագրողների հետ եւ չփախչեն՝ Սերժ Սարգսյանի ճմշումների հետևանքն է: Այս կարծիքին է «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ Կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հորդորեց չխուսափել լրագրողներից:
«Սերժ Սարգսյանը բողոքել է, որ բոլոր հարցերը թողել են իր վրա, կառավարությունը ոչինչ չի անում, նախարարները ոչինչ չեն անում, ոչ մի բան չեն բացատրում, ուստի մարդիկ ստիպված են լինում հենց իր հետ մտնել վիճաբանության մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Կարապետյանը:
Արամ Կարապետյանի պնդմամբ՝ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ կառավարությունը, ո՛չ իշխանական համակարգը որևէ իրական դրական քայլ չեն անում ժողովրդի վիճակը բարելավելու համար:
«Ո՞նց հանդիպեն լրագրողներին, էնքան սուտ են խոսել, էլ դուրս գան ի՞նչ ասեն: Ասում են՝ դուրս գանք ի՞նչ ասենք, էլի սուտ խոսե՞նք։ Լրագրողները մեզ վրա ծիծաղում են, հարցեր են տալիս, որոնց պատասխանները չկան»,- կարծիք հայտնեց պարոն Կարապետյանը:
Նշենք, որ Արամ Կարապետյանը նկատի ունի Սերժ Սարգսյանի պատահական հանդիպումը քաղաքացու հետ, որի ընթացքում վրջինս իր բողոքներն է ներկայացրել Սերժ Սարգսյանին: