Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներից փորձեց պարզել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) հարստացման մասին շրջանառվող տեղեկությունների իսկությունը: «ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարստության մասին չստուգված տեղեկություններ կան, օրինակ, ըստ օդում կախված լուրերի, Ալեքսանյանը պատրաստի շաքարավազը Հայաստան է ներմուծում «շաքարի հումք» անվան տակ, դա մտնում է Ախուրյանի գործարան ու որպես «շաքարավազ» դուրս գալիս այնտեղից»,- հայտարարեց Փաշինյանը: Նա ապա ասաց, թե հորդորում է ՀՀ վարչապետին՝ ստուգել այս լուրերի իսկությունը: Նա նաեւ տարակուսեց, թե արդյոք Սերժ Սարգսյանն է արգելել հոլովել «Լֆիկ Սամո» մականունը:
Փաշինյանին արձագանքեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և նշեց , թե վարչապետը կուսումնասիրի պատգամավորի հորդորը և կորոշվի` արձագանքե՞լ, թե՞ ոչ: «Ինձ թվում է, որ ձեր հայտարարության իրական նպատակն այն է, որ դուք ուզում եք այդ կերպ հերքել այն տարածված լուրերը, թե դուք իշխանության հետ ինչ-որ ձևով շաղկապված եք, արհեստականորեն ստեղծված ընդդիմություն եք և այլն: Եթե դա է նպատակը, ապա դրա կարիք չկա անելու: Ինձ գոնե համոզել եք, որ իշխանության հետ շաղկապված չեք, և ես դրա մասին կարող եմ ասել այս ամբիոնից, այնպես որ այդ առումով ճիգեր գործադրելու կարիք չկա», -ասաց Դավիթ Հարությունյանը:
Վերջինիս արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: «Պարոն Հարությունյան, ես ապացուցելու բան չունեմ ապացուցելու բան ունեք Դուք անձամբ և Ձեր իշխանության ներկայացուցիչները: Այն, ինչ ասում եք դուք, ես ապացուցել եմ իմ կյանքով ու գործունեությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` զգուշացնելով, որ առաջիկայում իշխանության շատ ներկայացուցիչների մասին պարզող հարցերով կդիմի իշխանություններին:
Դավիթ Հարությունյանն էլ արձագանքելով պատգամավորին նշեց, թե եթե պատգամավորը շարունակելու է նույն ֆորմատով հարցադրումներ անել, ապա կառավարությունը նպատակահարմար չի համարում արձագանքելու, և պատգամավորը կարող է դրանք անել հայտարարությունների ժամին: «Դրանք իրենց էությամբ ոչ այլ ինչ են, քան հետաքննություն»,- հավելեց Հարությունյանը: