Փողերի լվացման եւ զենքի ապօրինի վաճառքի մեջ կասկածվող Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ով օգոստոսի 27-ին ձերբակալվել էր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ այնուհետեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակվել դատարանի դահլիճից, վաղը մեկնելու է Մոսկվա, հաղորդում է «Ազատությունը»:
«Իմ պաշտպանյալը ուներ տոմս Հայաստան եւ հակառակ՝ Մոսկվա՝ 31-ի ամսաթվով: Դատարանի որոշման համաձայն իր կալանքի միջնորդությունը մերժվել է: Դատարանի որոշման մեջ մենք ոչ մի արգելք չենք գտել, որ իմ պաշտպանը իրավունք չունի հեռանալու Հայաստանից: Դատախազության կողմից եւս ոչ մի արգելք չկա, համենայնդեպս՝ առայսօր, մինչ մենք ձեզ հետ զրուցում ենք, մենք ոչ մի տեղեկություն չունենք, որ ինչ-որ մեկը մեզ պարտադրել է մնալ Հայաստանում եւ սպասել, թե ինչ է լինելու: Ես ենթադրում եմ, որ արգելք չկա՝ ուրեմն ազատ մարդ ենք», -«Ազատության» հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը:
Հարցին՝ այսինքն Միրոնովը օգոստոսի 31-ին փորձելու է հեռանա՞լ Հայաստանից, փաստաբանը պատասխանել է․ «Նա անպայման կհեռանա՝ առանց փորձի, եթե չլինի որեւէ արգելք․ պաշտոնական արգելք, որտեղ գրված է, որ մենք իրավունք չունենք հեռանալու Հայաստանից»: