ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
Բագրատյանի թեկնածությունն առաջադրել էր ընդդիմությունը։
«Ես շատ ուրախ եմ, որ պարոն Բագրատյանն է այս հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուն, որն ունի աշխատանքային երկար տարիների փորձ և՛ կառավարման տարբեր մարմիններում, և՛ Ազգային ժողովում։ Վստահ եմ, որ այդ փորձը բոլորս կօգտագործենք մեր աշխատանքի մեջ և շնորհակալ ենք, որ եկել եք մեր հանձնաժողով»,- տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոխնախագահի թեկնածուին ներկայացնելիս նշեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։
Սերգեյ Բագրատյանն այդ պաշտոնում ընտրվեց հանձնաժողովի 12 անդամի միաձայն կողմ քվեարկությամբ։
«Նոր չափորոշիչներ պետք է մշակենք, որ խոշորացումից դժգոհություններ չունենանք: Բնապահպանության ծանր վիճակին բոլորս ենք տեղյակ և այնտեղ նույնպես շատ անելիքներ ունենք: Բազմաթիվ հարցերով անելիքները շատ են»,- ընտրվելուց հետո նշեց Բագրատյանը:
Հանձնաժողովն առաջին նիստում միաձայն հաստատեց նաև իր աշխատակարգի նախագիծը: