տուն Լուրեր Սեւանի մի շարք հանգստյան տներ «հանգստանում» են

Սեւանի մի շարք հանգստյան տներ «հանգստանում» են

563
0

Այսօր Սևանա լճի որոշ օբյեկտների տերերը փակել էին Սևան-Երևան մայրուղին՝ նշելով, որ Սևանա լճի կանաչելու վերաբերյալ հայտարարություններից հետո իրենց բիզնեսները կանգնել են, զբոսաշրջիկները հրաժարվում են Սևանում հանգստանալուց

Araratnews.am-ը մի փոքր հարցախույզ իրականացրեց Սևանա լճի ափին գործող տարբեր հանգստի գոտիների և հյուրանոցների հետ՝ պարզելու, թե արդյոք այս տարի նախորդի համեմատ նվազե՞լ է լճում հանգստացողների թիվը, թե ոչ։

«Օազիս» հանգստյան գոտու տնօրեն Տիգրան Նավոյանի  խոսքով՝ չնայած արդեն Սևանա լճում հանգստանալու իսկական սեզոնն է, բայց հանգստացողներ գրեթե չկան։

«Ջրի կանաչելուց հետո շատ քիչ են հաճախորդները։ Եթե համեմատենք անցած տարվա հետ, շատ պակասել են տուրիստները»,- ասաց նա։

«Կապուտակ Սևան» հանգստյան գոտու մենեջեր Արման Բարսեղյանը ևս նշեց, որ շատ հաճախորդներ հետ են վերցնում իրենց ամրագրումները։ «Շատերը չեն գալիս։ Մեզ մոտ եղել է կանաչ, բայց հիմա արդեն կանաչ չի, բայց աղմուկը բարձրանալուց հետո բոլորը սկսեցին հրաժարվել։ Իրանք չեն մտածում՝ մեր կողմը կանաչ ա, թե կանաչ չի, բայց դե, որ ասում էին ընդհանուր Սևանը կանաչ ա, շատերը չեն գալիս։ Էս տարի անցած տարվա համեմատ շատ վատ ա»,- ասաց մենեջերը։

Հարցին՝ ամենաշատը տեղացինե՞րն են հրաժարվում, թե՞ դրսի զբոսաշրջիկները, նա պատասխանեց՝ երկուսն էլ․ «Ե՛վ տուրիստները, և՛ ներսի ժողովուրդը մտնում են «Ֆեյսբուք», «Ինստագրամ» ու հրաժարվում գալ Սևան»։

Մենեջերի խոսքով՝ այսօր Սևանի ոչ մի օբյեկտի գործերը լավ չեն․ «Թե՛ կղզու մոտ, թե՛ Շորժայի հատվածներում շատ քիչ են հանգստացողները»։

«Սևան գրողների տուն» հանգստյան գոտին գրեթե հաճախորդ չունի»,- այս մասին մեզ հայտնեց հանգստյան գոտու մենեջեր Արգամ Քարամյանը։

«Կարելի է ասել՝ մարդ չկա։ Նույնիսկ հունիս ամսվա համեմատ է վիճակը վատ»։

Նրա խոսքով՝ շատ հաճախորդներ ամրագրված համարները հետ են վերադարձրել։

«Մեր հանգստյան գոտին կղզում է՝  վերևի մասում է գտնվում։ Մենք տեսնում ենք, որ մարդ չկա։ Մեզ մոտ երկու մարդ է ընդամենը հանգստանում»,- ասաց նա։

Մենեջերը նշեց, որ իրենց հատվածում Սևանը մաքուր է, միայն մեկ  օր է թեթև կանաչել, բայց այսօր շատ պարզ է։

«Վիշապ» հանգստյան գոտու ներկայացուցիչը միակն էր, ով չբողոքեց հաճախորդների պակասից՝ նշելով, որ իրենց հաճախորդները խելացի են և չեն տրվում լրատվամիջոցների աղմուկին։

«Մեր բիզնեսը տուժում է միայն լրատվամիջոցների անկապ աշխատանքի պատճառով։ Մեզ մոտ 10 օր է՝ ջուրը պարզ է, բայց հաճախորդները չեն գալիս, որովհետև ասում են՝ Սևանը կանաչ է»,- ասաց նա՝ պնդելով, որ իրենք չեն տուժում, որովհետև այլ ծառայություններ են մատուցում։

«70-ական թվականներից ամեն տարի ջուրը կանաչում է։ Դա գիտեն բոլորը, ով Սևանի հետ ընդհանրապես գործ ունի։ Տարի կա՝ քիչ է կանաչում, վերջին 2 տարին լրատվամիջոցները որոշել են, որ իրենք բոլորը փորձագետ են։ Բայց իմ հաճախորդներն ինձ հավատում են, բայց իմ կողքի բոլոր հարևանները զգում են իրենց բիզնեսի վրա, որովհետև իրենք կապված են ընդհանուր հոսքի հետ»,- նշեց հանգստյան գոտու ներկայացուցիչը։

«Հարսնաքար» հյուրանոցային համալիրի ադմինիստրացիայից մեզ հայտնեցին, որ Սևանի ծաղկման հետ կապված իրենք հաճախորդների թվի նվազման խնդիր չունեն․ «Մենք հաճախորդների պակաս ընդհանրապես չունենք, քանի որ մեր լողավազաններում ջուրն ամբողջությամբ մաքրվում է, լիճն էլ նորմալ վիճակում է»։

Դիտարկմանը՝ մի՞թե որևէ խնդիր չի առաջացել․ «Ուղղակի հյուրերից զանգահարում են, ճշտում են՝ նման խնդիր ունենք, թե ոչ, բայց ամրագրումներ շատ ունենք, ու բողոքներ չկան»,- նշեց հյուրանոցային համալիրի աշխատակիցը։