«Անցյալ տարի ապրիլի 2-ին ՍԴ-ն կայացրեց իր հայտնի որոշումը, որով հակասահմանադրական ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: Դրան հետևեց ՍԴ-ի մի գործողություն, որով փորձ արվեց պաշտպանել ՀՀ քաղաքացու շահերը: Մենք հենց այս երկրորդ գործողության դեմ է, որ պայքարում ենք: Մենք խնդրում ենք ՍԴ-ին` ճանաչել այն Սահմանադրությանը հակասող»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանն ասաց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով կուտակային կենսաթոշակերի մասին օրենքի վերաբերյալ ՍԴ կայացրած որոշմանը:
«Մեր համոզմամբ` իրավական հստակության և որոշակիության առումով միայն բավական է, որ սա ճանաչվի հակասահմանադրական: Սկսած նրանից, որ մենք վիճարկում ենք նպատակային սոցիալական վճար անվանելով: Սրանով նպատակն ու էությունը չէր փոխվել»,- ասաց Մինասյանը և հավելեց. «Առանց քաղաքացու համաձայնության՝ նրա սեփականության հետ կատարվում էին գարծողություններ: Միայն հասկացությունը և միայն ֆորմալ առումով բյուջե փոխանցելը չէ, որ դրված է այս օրենքի հիմքում: Այն նաև պետք է ապահովի հավասարակշռություն: Այս գործընթացները պետք է պաշտպանված լինեն ինֆլյացիայից և նման երևույթներից: Պատասխանատվությունը պետք է լինի համարժեք»:
Սահմանադրական դատարանի կայացրած վերջին որոշման համաձայն` օրենքի այն դրույթը, որով նախատեսվում է փոխհատուցում, հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
«Գնաճով վերահաշվարկի դեպքում, եթե տարբերությունը մինուս է՝ բյուջեն պետք է փոխհատուցի, իսկ ՍԴ-ն հիմնական երաշխիքը ճանաչել է Սահմանադրությանը հակասող: ՍԴ-ից ակնկալիքը իրականում ավելին էր: Գուցե ավելորդ լավատեսություն կար ինձ մոտ: Սա հրաշալի առիթ էր, երբ երկիտասարդության ընդվզող էներգիան կարող էր օգտագործվել երկրի բարօրության համար: Տեսնելով այս որոշումը՝ ես հիասթափվեցի»: