Araratnews.am-ն այսօր գրել է, որ մայիսի 26-ին «Մոսկվա-Կարգո» հսկիչ անցակետում Հայաստանից ստացված «Չիլի» տեսակի թարմ բիբարի մեջ հայտնաբերել են Ռուսաստանի համար կարանտինային հանդիսացող օբյեկտ՝ արեւմտյան (կալիֆոռնիական) ծաղկային տրիպս (Frankliniell aoccidentalis Perg.)։
Պարզաբանման համար զանգահարեցինք ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանին՝ պարզաբանում լսելու:
«Արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային տրիպսը բույսերի կարանտին վնասատու է, որը տարածված է գրեթե ամբողջ աշխարհում, պոլիֆագ (բազմակեր) է: Այն վնասում է բացառապես բույսերը և բուսական արտադրանքը, և դրանով վարակված մթերքները օգտագործելիս մարդու կյանքին և առողջությանը բացարձակ վտանգ չի սպառնում: Մեր երկրից արտահանված բեռում այդ վնասատուի հայտնաբերելը հիմք չէ, որ կարող է վարակված լինել ամբողջ բեռը: Հնարավոր է, որ խմբաքանակի մեկ կամ երկու հատ պղպեղում լինի այդ վնասատուն, և արտահանման ժամանակ իրականացված զննման ժամանակ չնկատվի:
Հարկ է նշել, որ թեկուզ մեկ հատիկում վնասատուի հայտնաբերման դեպքում ամբողջ խմբաքանակը համարվում է վարակված»,- պատասխանեց բաժնի պետը: