Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում շարունակվում է երևանցիների և ոչ միայն երևանցիների հոսքը: Զինվորներ, հարմանատարներ, պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև քաղաքացիները իրենց խոնարհումն էին բերում սահմանին զոհված զինվոր Սասուն Մկրտչյանի հիշատակին: Սասուն Մկրտչյանի հետ հարազատները վերջին անգամ խոսել են ապրիլի երկուսի առավոտյան, իսկ մարտական գործողությունները, որոնք խլել են զինվորի կյանքը, տեղի են ունեցել մեկ օր անց: Սասուն Մկրտչյանի հորեղբայրը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ Սասունը ընտանիքի միակ արու զավակն էր, ով մեկ քույր ուներ: Սասուն Մկրտչյանի մոր բարեկամը՝ Ռադիկ Խամոյանն էլ , լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սասունն այնպիսին էր, ում նման երեխա ցանկացած ընտանիք կերազեր ունենալ: «Իր գիտակցական կյանքում նա հայի այնպիսի տեսակ էր, որ պատրաստ էր պաշտպանել հայրենիքը: Նա շատ էր հայրենիքը վեր դասում, իր շրջապատում էլ հայրենասեր տղայի համբավ ուներ: Կարծում էր իր արյան կանչն էր ստիպում իրեն այդպես ապրել »: Սասունը նաև կիսատ թողած երազանքներ ուներ, այդ երազանքները կապված էին նաև Արևմտյան Հայաստանի հետ. « Սասունցու զավակ էր, Արևմտյան Հայաստանից գաղթած մշեցու ժառանգ էր, մարդասեր էր: Մեր մեջ քչերը կլինեն, որ այդքան սիրահարված կլինեն հայի տեսակին: Նա այսօր ապացուցեց, որ իր տեսակը շատ է, ու փառք էն տղաներին, որ այսօր սահմանին կանգնած են, ու փառք նաև նրանց, ովքեր ընկան հայրենիքը պաշտպանելու ճանապարհին »,-ասաց Ռադիկ Խամոյանը:
«Սասունին կարող եմ գնահատել միայն ու միայն դրական զինծառայող, քանի որ մետ չորս տարի ծառայում է մեր զորամասում: Նա սեփական նախաձեռնությամբ է եկել եւ ցանկություն հայտնել ծառայել հայրենիքին»: Կոնդի եկեղեցու մոտ լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայող Սասուն Մկրտչյանի հրամանատարներից փոխգնդապետ Արթուր Դանիելյանը: Վերջինիս խոսքով Սասուն Մկրտչյանը շատ պարտաճանաչ զինծառայող էր: «Բազմիցս անգամ խրախուսվել է հրամանատարության կողմից տարբեր տեսակի պատվոգրերով, մեդալներով»: Զորամասի հրամանատարի խոսքով Սասուն Մկրտչյանի գործը շարունակողներ զորամասում կան: «Ինքը շատ մեծ հերոսություն է կատարել, բայց այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ»,- ասաց փոխգնդապետը:
Փայլակ Ֆահրադյան