«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դեռևս չեն քննարկել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի «հեռահար» բանավեճի հարցը։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի քննարկումները կուսակցությունից դուրս եկան և դարձան հրապարակային, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանական քաղաքական ուժ է, մեծացող քաղաքական ուժ է, քաղաքական ուժն էլ միշտ եղել է հրապարակային, այնպես որ, խնդիր չեմ տեսնում, բանավեճ է և կարգավորումներ կլինեն։ Կուսակցությունում կքննարկենք»։
Ի պատասխան դիտարկման, թե Սասուն Միքայելյանն ասել է, որ ներքին խմբեր կան ձևավորված կուսակցությունում, խմորումներ, Արայիկ Հարությունյանն ասաց, որ վարչության ընտրության ժամանակ ներքին խմբեր չի նկատել։
«Եղել են ընտրություններ, պարոն Միքայելյանն ունի մտահոգություններ, մենք այդ մտահոգությունները կքննարկենք», — ասաց Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նախօրեին հայտարարել էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով։ Իսկ այսօր արդեն Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սասուն Միքայելյանին, ասելով. «Ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու»: