Հուլիսի 26-ին «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքները հնարավոր է` փոխվեն: Այս մասին երեկ հայտնել էր Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը:
Այսօր արդեն «Հետք»-ի հետ զրույցում փաստաբանը հաստատել է, որ Սարգսյանն այժմ մեղադրվում է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, այլ այդ հոդվածներով կատարված արարքներին օժանդակելու հիմքով:
Կայքում նաև նշվում է, որ Եգորյանը երեկ տեսակցել է Արթուր Սարգսյանի հետ և ասել, որ վերջինի առողջական վիճակը ծանր է. նա երկրորդ խմբի հաշմանդամ է, տեղաշարժման լուրջ սահմանափակումներ ունի, չի կարող երկար կանգնել, կարող է միայն մինչև մեկ կիլոգրամ իր բարձրացնել:
Փաստաբանը նաև շեշտել է, որ այս խնդիրները դատարանի կողմից հաշվի չեն առնվել. նրա դատավարությունը տևել է մինչ առավոտյան 06:00-ը, և քննչական մարմինն էլ, կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս, չի կարևորել այս հանգամանքը:
Մանրամասներն araratnews.am-ը փորձեց ճշտել Տիգրան Եգորյանից, ով տեղեկացրեց, որ այժմ գործի հետ կապված ճշտումներ են կատարվում, և մանրամասների մասին կխոսի քիչ ավելի ուշ: