Ոստիկանության պարեկապահակային գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց տանող քաղաքացուն՝ Արթուր Սարգսյանին, նույնպես կալանավորել են: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք- զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը), այսինքն՝ առաջադրվել են նույն մեղադրանքները, ինչ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին:
«Մենք դատարանում ուզում էինք հասկանալ՝ ինչպե՞ս է ստացվել, որ նա (նկատի ունի քաղաքացի Արթուր Սարգսյանին.- խմբ.) հուլիսի 17-ին մտել է գնդի տարածք, դուրս եկել, ապա հուլիսի 26-ին կրկին մտել է ՊՊԾ գունդ եւ խմբի անդամներին հաց տարել: Իհարկե, ոչ ոք չի հավատում այս տարբերակին, բայց եթե դա ճիշտ է, ապա այնտեղ ծառայություն իրականացնող իրավապահ մարմինների բոլոր աշխատակիցներին աշխատանքից պետք է հեռացնել՝ իրենց անփառունակ աշխատանքի համար»,- մանրամասնեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին` առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում, հայտնի դարձավ, որ քաղաքացի Արթուր Սարգսյանը, սննդով բեռնված իր անձնական օգտագործման մեքենայով ճեղքել է ոստիկանության արգելապատնեշը, հասել ՊՊԾ գնդի տարածք:
Մեր հարցին՝ այսինքն ստացվո՞ւմ է, որ Արթուր Սարգսյանը հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ մտել է ՊՊԾ գնդի տարածք, հետո առանց որևէ խոչընդոտի դուրս եկել այնտեղից, հուլիսի 26-ին նրանց հա՞ց է տարել, փաստաբանը նշեց, որ այո:
«Նկարագրության մեջ հենց էդպես էլ նշված է, որ 17-ին մտել է գնդի տարածք, այնուհետև 26-ին իր մեքենայով սնունդ է տարել: Քննիչը մի քանի անհասկանալի բաներ ասելուց հետո նշեց, որ ինքը չի ցանկանում հարցին պատասխանել»:
Արթուր Սարգսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը տարակուսում է. «Եթե քննիչը չի կարող պատասխանել, ապա ո՞վ կարող է պաշտպանյալիս ասել, թե ոնց է ինքը երկու անգամ մտել գնդի տարածք եւ դուրս եկել»:
Հիշեցնենք, որ այդ օրերին պարեկապահակային գնդի հարակից տարածքը գտնվում էր ոստիկանության ուժերի հատուկ վերահսկողության ներքո:
Շողիկ Գալստյան