Դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը։ Այս մասին Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողներին ասաց Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը:
Մերժման հիմքերին պաշտպանը դեռ ծանոթ չէ, որոշումը ստանալուց հետո կծանոթանա:
«Վարույթ իրականացնող մարմինը ներկայացրեց իր դիրքորոշումը՝ գտնում է, որ Թաթուլ Թամրազյանը կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, կխոչընդոտի նախաքննությունը, սակայն որևէ տեղեկություն, որևէ նյութ, որը հիմնավոր կդարձներ այդ դիրքորոշումը, չի ներկայացվել դատարան»,- նշեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ շենքեր, շինություններ զավթելը և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը և փոխադրելը կամ կրելը։