Վաղը՝ նոյեմբերի 17-ին, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը վաղն ավտոերթ է կիրականացնի դեպի Արցախ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
«Բացառվում է, որ 2015-ի հունվարի 30-ի այդ խայտառակությունը կրկնվի, որովհետև պայմանները բոլորովին այլ են, դա ուղղակի բացառվում է: Ընդհակառակը՝ մենք հավատում ենք, որ մեր այս երթով այն ժամանակվա Երևանում իշխանությունը զավթած և Արցախում իրենց դրածոներն ունեցած այդ վարչախմբի պատճառով Արցախի ճակտին մրուրված այդ խարանը վերանալու է: Համարյա 4 տարի առաջ տեղի ունեցած դեպքը չի կրկնվի, դա բացառվում է:Կարծում եմ՝ լինելու է հակառակը, մենք արժանանալու ենք Արցախի մեր քույրերի ու եղբայրների ջերմ ողջույնին»,- ասաց բանախոսը:
Ենիգոմշյանը նաև տեղեկացրեց, որ Արցախում ևս պատրաստվում են գրանցել իրենց կուսակցությունը. «Այստեղ ոչ մի հակաօրինական բան չկա: Արցախի առանձին հայկական պետության մասին այդ իրականությունը, մեղմ ասած, հեգնանք է մեր ժողովրդի նկատմամբ: Արցախը Հայաստան երկրի անբաժանելի մասն է կազմում, հիմա եթե ինչ-ինչ պատճառներով Արցախը հռչակվել է առանձին հանրապետություն, որն ունի իր Սահմանադրությունը և օրենքները, ամսի 17-ին՝ հենց վաղը, տեղի ունենալիք կարևոր միջոցառումը այդ իրականությանը ոչ մի ձևով չի հակասում: Որովհետև Արցախում հիմնադրվում է այսօրվա Արցախի Հանրապետության օրենքներին համահունչ քաղաքական կազմակերպություն, քաղաքական կուսակցություն»:
Բանախոսը նաև հիշեցրեց, որ մեր իրականության մեջ այսօր նման օրինակ կա՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը պաշտոնապես գրանցված է և՛ Հայաստանում, և՛ Արցախում. «Եթե ՀՅԴ-ն կարող է գրանցված լինել և՛ Հայաստանում, և՛ Արցախում, ապա ինչո՞ւ պետք է «Սասնա ծռերի»՝ Արցախում գրանցված կուսակցության պարագայում ինչ-որ հակաօրինականության հարց առաջանա»: