Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» 14 անդամների գործով դատական նիստը դեռ չմեկնարկած՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանն այն հետաձգել է: Գործով ներգրավված պաշտպանները հատուկ վերնաշապիկներ են հագել, որոնց վրա պատկերված է գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկարը, ինչպես նաև գրված է՝ «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին», «Մի բռնաբարեք իրավունքը»։
«Երևի դատավորը լսել էր, որ այսպիսի ակցիա է կազմակերպվել, դրա համար էլ նիստը հետաձգել է»,- ասել է պաշտպան Լուսինե Սահակյանը:
Գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը Լուսինե Սահակյանին խնդրել է իրեն էլ այդ շապիկներից տալ, վերջինն էլ նվիրել է իր շապիկը:
«Դատախազն ինձ ասաց, որ ցանկանում է այդ շապիկից կրել, մենք էլ քանի որ այլ շապիկ չունեինք, իմը հանեցի և նվիրեցի նրան»,- լրագրողների հետ զրույցում ասել է Լուսինե Սահակյանը: