տուն Լուրեր Սարգսյանի եւ ընդդիմադիր խմբակցությունների հանդիպման օրը հստակեցված չէ

Սարգսյանի եւ ընդդիմադիր խմբակցությունների հանդիպման օրը հստակեցված չէ

189
0

Չորրորդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը երեկ սկսել է իր հանդիպումները խորհրդարանական ուժերի հետ՝ առաջինը լինելով ՀՀԿ-ում, իսկ հետո նաև` ՀՅԴ-ում: Հանդիպումներից մանրամասներ հրապարակված չեն, միայն հայտնի է, որ Արմեն Սարգսյանն այդ հանդիպումների ընթացքում,  պատասխանելով լրագրողների հարցերին, ավելի շուտ` այս օրերին իր վերաբերյալ տարածված խոսակցության մասին հարցին՝ 1996-ին Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտին ու դրա պատճառով հեռանալուն, հայտարարել է, որ դա բացարձակ սուտ է: Այլ հարցերի Արմեն Սարգսյանը չի պատասխանել:

Սարգսյանը հայտնել է նաև, որ իր հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ շարունակական են լինելու, ինչից հետո նա կայացնելու է իր որոշումը: «Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են ԱԺ-ում և նաև ԱԺ-ից դուրս, հանրային, հասարակական բոլոր կազմակերպությունների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի հետ և հետո կկայացնեմ իմ որոշումը: Վստահ եղեք՝  հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- նշել է Արմեն Սարգսյանը:

ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները, բնականաբար, կողմ են քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը: «Ելքից» ավելի վաղ հայտնել էին, որ, անկախ հանդիպման արդյունքներից, իրենք դեմ են քվեարկելու, իսկ «Ծառուկյան» դաշինքը դեռ վերջնական որոշում չի ընդունել:

Araratnews.am-ը  ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից փորձեց ճշտել, թե երբ է նախատեսված իրենց հանդիպումը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:

«Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը մեզ փոխանցեց, որ հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն կա, սակայն օրն ու ժամը հստակեցված չեն: «Մեր խմբակցության պատգամավորների մի մասը հիմա երկրում չէ, գործուղման մեջ է, սպասում ենք` իրենք էլ վերադառնան: Հանդիպման մասին պայմանավորվել ենք, բայց օր, ժամ հստակ չէ»,- ասաց Գորգիսյանը, հավելելով, որ, անկախ հանդիպման արդյունքներից, իրենց ավելի վաղ արված հայտարարությունն ուժի մեջ է: «Մեր հիմնավորումը մի քանի բանով էր պայմանավորված: Նախ` նրանով, որ մենք ունենք մեր թեկնածուն, որին, ցավոք, չենք կարողանում առաջադրել, բացի դրանից, արդյունքում ստացվում է անմրցակցային թեկնածություն, եւ բոլոր տարբերակներով այդ թեկնածուն ընտրված է: Ամեն դեպքում մենք պետք է շփվենք, աշխատենք, եւ կարեւոր է այս հանդիպումը»,- ասաց Գորգիսյանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ Araratnews.am-ին փոխանցեց, որ այս պահին չեն քննարկել հանդիպման օրն ու ժամը: «Խմբակցությունում կան մի շարք հարցեր, որոնք հասունացած են, եւ կարծում եմ, որ տեղին կլինի այդ հարցերը բարձրաձայնել եւ ստանալ պատասխաններ»,- ասաց Էնֆիաջյանը:

Փայլակ Ֆահրադյան