տուն Լուրեր Սարգսյան-Ալիև-Օլանդ փարիզյան եռակողմ հանդիպումը` մոտ օրերս

Սարգսյան-Ալիև-Օլանդ փարիզյան եռակողմ հանդիպումը` մոտ օրերս

98
0

img

«Օրեր անց Ֆրանսիայում նախատեսվում է Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։

Մայիսին Հայաստան և Ադրբեջան կատարած պաշտոնական այցերի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հանդիպել Ֆրանսիայում` մասնակցելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, դեսպանի խոսքով, նոր լիցք հաղորդելու նպատակով: Առաջարկն ընդունվեց երկու նախագահների կողմից, ու մոտ օրերս Փարիզում կկայանա Սարգսյան-Ալիև- Օլանդ հանդիպումը:

«Առանց նշելու մանրամասներ, ես ասեմ, որ հանդիպումը, բնականաբար նվիրված է լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցին: Կարևոր է նաև, որպեսզի երկու կողմերը կարողանան ստեղծել վստահության այն մթնոլորտը, որով պայմանավորված կլինի իրավիճակի փոփոխություն հայ-ադրբեջանական սահմանին»,- ասաց Անրի Ռենոն և ավելացրեց.

«Փարիզյան եռակողմ հանդիպումը կհաստատի շատ կարևոր մի հանգամանք ևս` բացի բանակցված տարբերակից, խնդրի լուծման այլ ճանապարհ չկա»:

Հարցին, թե Ֆրանսիայի նախագահը պատրա՞ստ է արդյոք ընդունել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` Արցախ այցելելու հրավերը, Ռենոն պատասխանեց.

«Ես ծանոթ չեմ ԼՀՂ նախագահի այդ հրավերին»: