Իմ կանխատեսումն այն է, որ այս անգամ էլ նախագահների հանդիպումից հետո ոչինչ չի լինելու: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այսօր կայանալիք հանդիպմանը, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը. «Որոշ հիմքեր ունեմ ենթադրելու, որ այս հանդիպումն էլ ոչինչ չի տա, մանավանդ որ, մեր փոխարտգործնախարարն էլ ասում էր` սա վստահության մթնոլորտ ստեղծելու համար է, ուղղակի թե ո´ւմ հետ պետք է ստեղծենք` հասկանալի չէ, Ալիևի հետ ի՞նչ վստահության մթնոլորտ»:
Քաղաքագետի կարծիքով` երկու երկրների միջև նման հանդիպումները, ինչպես նախորդ անգամներին, այս անգամ ևս ոչ մի իմաստ չունեն. «Ապրիլյան պատերազմից հետո մեր նախագահը նախապայմաններ է առաջադրել, մեկ` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ, ըստ որոնց պետք էր դիպուկահարներին հեռացնել, դիտող սարքեր տեղադրել, մոնիթորինգի խմբերն ուժեղացնել, դրանցից ոչ մեկը չի կատարվել: Հիմա այս դեպքում էլ իմաստն ինձ համար տեսանելի չէ»:
Իսկ թե կոնկրետ ո´րը կլինի Սարգսյան-Ալիև հանդիպմանը քննարկվող բուն թեման, Լևոն Շիրինյանն ընդգծեց. «Հանդիպմանը հայկական կողմը պետք է իրենը պնդի, Ալիևն էլ թրքավարի իր գործը պետք է անի: Այդ ընթացքում սահմանային գոտում պետք է շատ զգույշ լինել և պատրաստ լինել նախագործողությունների, որ գոնե այս անգամ հանդիպման ժամանակ լսենք, որ ադրբեջանական բանակն է զոհեր է տվել, ոչ թե մենք: Որովհետև ամեն հանդիպմանը զոհեր են լինում: Դրա համար մենք պետք է ավելին անենք, պետք է ագրեսիվ լինել թշնամու դեմ և խաղաղ` երկրի ներսում: Պետք է միշտ հիշել, որ դիմացինը թուրք է, որ մեր տրամաբանությունները ոչ մի կերպ իրար չեն բռնում»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողքին կանգնած պետություններին և շատ դեպքերում հակառակորդ պետության նկատմամբ բացահայտ համակրանքին, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին, Շիրինյանը նշեց. «Եթե հիմա նման հայտարարություններից զգուշանանք-չզգուշանանք, բան չի փոխվելու: Նույնը Լուկաշենկոն. ո՞վ ասաց, որ ոչ մեկին էլ չի նայելու և անելու է այն, ինչ ուզում է, Ադրբեջանն իրենց բարեկամ երկիր է, և նրանք զենք են վաճառելու, ի՞նչ կարող ենք անել դրա դեմ: Մենք որևէ բան կկարողանայինք անել այն ժամանակ, երբ Հայաստանի տնտեսությունն այնքան զարգացած լիներ, որ նրանք Հայաստանից բարձր տեխնոլոգիաներ գնեին, ու եթե այդ ժամանակ էլ նման վերաբերմունք ցուցաբերեին, մենք կարողանայինք ասել` մատակարարումը դադարեցնում ենք, իսկ հիմա ի՞նչ լծակ ունենք»:
Էմմա Հովսեփյան