Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել այսօր` հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կայանալիք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը:
Ըստ պարբերականի` այդ հանդիպումը Մոսկվային վերադարձնում է առաջատարի դերը հետխորհրդային տարածքի հնագույն հակամարտություններից մեկի կարգավորման գործում։
«Փորձագետները նշում են, որ ռուսական դիվանագիտության ակտիվացումը պայմանավորած է Երևանի ու Բաքվի միջև լայնածավալ ընդհարման ավելի իրական սպառնալիքով, որը կարող է պայթեցնել իրավիճակը ռազմավարական առումով կարևոր տարածաշրջանում և Ռուսաստանը դարձնել գլխավոր պարտված կողմ: Մոսկվայի առջև դրված է բարդ խնդիր՝ ոչ միայն իրավիճակը պահել հսկողության տակ, այլև առաջ մղել ԼՂ հարցով շրջանակային համաձայնագիրը, որը կամրապնդի հրադադարի ռեժիմը և կդառնա ապագա կարգավորման «ճանապարհային քարտեզ»»,- գրում է «Կոմերսանտը»:
Պարբերականը հիշեցնում է Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը, թե ինչ ձևաչափով է Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալու նախագահների հանդիպումը: Սկզբում Պուտինն առանձին-առանձին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ,ապա տեղի կունենա եռակողմ հանդիպում, որին ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«Սկզբում որպես հանդիպման հնարավոր վայր համարվում էր Փարիզը, իսկ կողմերի միջև հիպոթետիկ միջնորդ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Սակայն, հունիսի սկզբին Ադրբեջանի նախագահի՝ Բեռլին այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում առաջատար դերը պետք է պատկանի Ռուսաստանին (ավելի վաղ այցով Բեռլինում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը): Հաշվի առնելով, որ ներկայում ԵԱՀԿ-ում նախագահում է Գերմանիան, Անգելա Մերկելի հայտարարությունը ցույց է տվել՝ արևմտյան միջնորդների պատրաստակամությունը ռուսական դիվանագիտությանը տալու է նոր հնարավորություն՝ կարգավորելու հետխորհրդային տարածքում հնագույն հակամարտություններից մեկը»,- շեշտում է «Կոմերսանտը»:
Նշվում է, որ նախատեսված հանդիպումը կդառնա երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջև հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի արդեն երկրորդ փորձը:
«Նրանցից մեկը մտնում է ՀԱՊԿ-ի կազմի մեջ և ունի Մոսկվայի ռազմավարական դաշնակցի կարգավիճակ, մինչդեռ մյուսը համարվում է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր՝ Անդրկովկասում։ 5 տարի առաջ՝ 2011 թ. հունիսի վերջին, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին Կազանում՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ։ Գագաթնաժողովն առաջացրեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցում արագ բեկման սպասումների նոր բռնկում։ Սակայն, չնայած հնարավոր փոխզիջման տարբերակների հանգամանալից մշակմանը՝ կողմերն այդպես էլ չկարողացան պայմանավորվել:
Հինգ տարի անց նկատելիորեն փոխվել է և՛ իրավիճակը տարածաշրջանում, որը ստատուս քվոն դարձրել է ավելի ու ավելի փխրուն, և՛ կողմերի հռետորաբանությունը, որն ավելի կտրուկ է դարձել։ Դրա վկայությունն են ապրիլի առաջին օրերին տեղի ունեցած`1994 թ հրադադարի համաձայնագրի ստորագրման պահից ի վեր ամենակատաղի ռազմական բախումները»,- գրում է «Կոմերսանտը»:
«Բաքվի կողմից նոր իրողության ցուցադրություն է դարձել ադրբեջանական բանակի կողմից ԼՂ շփման գծի մոտ լայնածավալ զորավարժությունների անցկացումը, որոնք սկսվել են Սանկտ Պետերբուրգի հանդիպման նախօրեին»,- նշում է պարբերականը:
Այս համատեսքտում, թերթը մեջբերել է ԼՂ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի` զորավարժությունների վերաբերյալ մեկնաբանությունն առ այն, որ «Ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք ապակառուցողական հարևան և անհուսալի գործընկեր։ Այս շրջանում զորավարժությունների անցկացումն անեթեթություն է և սադրանքի դրսևորում»:
«Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգի հանդիպումից կարճ ժամանակ առաջ մեղադրել էր իր ադրբեջանցի գործընկերոջը՝ «անհավասարակշիռ վարքի», «Հայաստանի հասցեին ցինիկ հայտարարությունների» և բանակցությունների ապագա գործընկերոջ հասցեին «անձնական վիրավորանքների» մեջ»,- նկատում է «Կոմերսանտը»:
«Ռուսաստանը չի կարող թույլ տալ գագաթնաժողովի տապալում» ենթավերնագրի ներքո պարբերականը ներկայացրել է թեմայի առնչությամբ ռուսաստանցի և հայ փորձագետների մեկնաբանությունները:
«Ռուսաստանի շահերը կայանում են նրանում, որ հակամարտությունը սառեցվի, չարվի վերջնական ընտրություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը հղի կլինի նրա համար ամենալուրջ հետևանքներով»,- ասել է Սերգեյ Մարկեդոնովը։ Նրա խոսքով՝ «արագ առաջընթացն անհնարին է, քանի որ փոխզիջման հասնելու համար կամքը բացակայում է և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում»։
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նշել է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները իրարից բաժանող մեկ ամսում կողմերը պետք է գործարկեին վստահության ամրապնդման միջոցների մեխանիզմը, սակայն այդ խնդիրը չի իրագործվել:
«Պետերբուրգյան հանդիպումից իրական սպասումը որոշակի խորհրդանշական արդյունքն է, որը կնշանակի բանակցությունների շարունակություն և հույս կստեղծի, որ ապրիլյան էսկալացիան չի կրկնվի»,- ասել է Սերգեյ Մինասյանը։
Միջազգային հարցերով ռուսական խորհրդի տնօրեն Անդրեյ Կորտունովի կարծիքով` ակտիվ ռազմական գործողությունների մեկնարկի դեպքում Մոսկվան արդեն չի կարող հավասարություն պահպանել հակամարտող կողմերի միջև և «ստիպված կլինի ընտրություն կատարել»: «Նույնիսկ չեզոքության պահպանումը Երևանի կողմից կգնահատվի որպես հրաժարում դաշնակցային պարտավորությունների կատարումից։ Այդ իրավիճակում Ռուսաստանը կլինի գլխավոր պարտված կողմը բոլոր արտաքին խաղացողների շարքում։ Դա թույլ չտալուն էլ հենց ձգտում է նախագահ Պուտինը՝ նախահարձակ լինելով»,- ասել է Միջազգային հարցերով ռուսական խորհրդի տնօրեն Անդրեյ Կորտունովը։
ՌԴ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Դինկինի կարծիքով՝ եթե Վլադիմիր Պուտինը եռակողմ գագաթնաժողովում «իր քաղաքական կապիտալն է դրել, նա չի կարող դրա ձախողում թույլ տալ»: