Հանրային խորհրդի անդամ, ՍԱՊԾ-ին կից հասարակական խորհրդի անդամ Դոնարա Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սննդամթերքի շուկայում հայտնաբերված խնդիրներին: Նա տասը տարի համագործակցում է ՍԱՊԾ-ի հետ: Նրա կարծիքով՝ ՍԱՊԾ-ի պետ Իշխան Կարապետյանը կարծես ուզում է աշխատել, բայց նրան չի հաջողում:
«Ծանոթ-բարեկամով բերեցին նշանակեցին Իշխան Կարապետյանին, բայց նա ոլորտին չի տիրապետում: Իշխան Կարապետյանի տեղը ՍԱՊԾ-ում չէ, հարգելի՛ վարչապետ: Վերանայե՛ք ձեր կադրերին: Դատախազությունում աշխատածին բերում նշանակում են ՍԱՊԾ: Ի՞նչ գործ ունի ՍԱՊԾ-ում դատախազության աշխատակիցը»,- ասաց Դոնարա Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ ՍԱՊԾ-ին ստուգելու համար պարբերաբար տվել են սննդամթերքի, մսամթերքի նմուշներ, բայց ՍԱՊԾ-ը գրեթե ոչինչ չի անում. «Պատճառաբանում են, որ կառավարությունն իրենց ձեռքերը բռնել է: Չեն կարողանում գնալ տնտեսավարողների օբյեկտներ, նմուշներ վերցնել: Պետք է խնդրել վարչապետին, որ թույլ տա ՍԱՊԾ-ին ստուգումներ սկսել տնտեսավարողների մոտ»:
ՍԱՊԾ-ի հասարակական խորհրդի անդամը մոտ մեկ ամիս առաջ գործարար, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարքեթներից մեկից որպես հավատարիմ հաճախորդ գնել է իբր Սանկտ Պետերբուրգից ներմուծված շոկոլադե կոնֆետներ: Արտադրանքը բերելուց եւ զննելուց հետո ՀԽ-ի անդամը կասկածել է արտադրանքի որակի վրա: Ավելին՝ համացանցում պրպտելուց հետո Դոնարա Ալեքսանյանը տեղեկացել է, որ Սանկտ Պետերբուրգում նման տեսակի կոնֆետ չեն արտադրում: «Ենթադրում եմ, որ գուցե այս կոնֆետն այստեղ է արտադրվում: Տարա «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիա՝ արտադրանքը ստուգելու: Լաբորատորիան պարզեց, որ կոնֆետները բորբոսասնկեր են պարունակում: Անմիջապես հունիսի 28-ին տեղեկացրի ՍԱՊԾ-ին եւ գյուղնախարարին: Հուլիսի 18-ին ՍԱՊԾ-ից գրավոր պատասխանում են ինձ, որ անհամապատասխանություններ կան: Դրանից հետո օգոստոսի սկզբին ՍԱՊԾ-ը «Երեւան սիթի» սուպերմարքեթների ցանցի երեք մասնաճյուղերում ստուգումներ է սկսում եւ վերոնշյալ կոնֆետի տեսակից ոչնչացնում 21 կգ արտադրանք ժամկետանց լինելու պատճառով: Իսկ ոչնչացնել ասելով՝ ՍԱՊԾ-ը նկատի ունի կոնֆետներն աղբամանը լցնելը»,- ասաց ՀԽ-ի անդամը: Araratnews.am-ի հարցին՝ Դոնարա Ալեքսանյանը բացատրություն պահանջե՞լ է «Երեւան սիթիից» եւ ինչ քայլեր է ձեռնարկելու, բանախոսը բացասական պատասխանեց. «Անգրագետ մենեջերը բերել է՝ առանց հասկանալու, թե ինչ է վաճառում: Նրան ի՞նչ ասեմ»:
Դոնարա Ալեքսանյանը հարցը բարձրաձայնել է նաև Հանրային խորհրդում, բայց ապարդյուն: Սակայն բանախոսը չի պատրաստվում լռել: «Եթե քայլեր չձեռնարկեն, լավ չաշխատեն, նախագահին եմ նամակ գրելու»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ