տուն Լուրեր Սանիկից մինչեւ ծանոթ-բարեկամ. ում է պաշտոնի նշանակում Կարապետյանը

Սանիկից մինչեւ ծանոթ-բարեկամ. ում է պաշտոնի նշանակում Կարապետյանը

278
0

yurayinner

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` այսօր Նարեկ Ադոնցը նշանակվել է վարչապետի օգնական: Կարապետյանը եղել է Ադոնցի հարսանիքի քավորը: Նարեկ Ադոնցը, ով Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի որդին է, 2011-ին Կարեն Կարապետյանի` Երևանի քաղաքապետ  եղած ժամանակ եղել է նրա օգնականը: Այլ խոսքով` Կարապետյանը ձեւավորում է յուրայինների կառավարություն, այն պարագայում, երբ օրեր առաջ հայտարարում էր, թե պետք է վերջ տալ քավոր- սանիկային հարաբերություններին:

Հիշեցնենք, որ  կառավարության նախորդ նիստում Կարապետյանը հայտարարել էր, թե դպրոցներում պետք է բացառել մայր-աղջիկ բարձր պաշտոնների նշանակումը, քանի որ կա շահերի բախում:

Այսօր Կարապետյանը մեկ այլ նշանակում էլ է կատարել` Աշոտ Մարգարյանին իր օգնական: Մարգարյանը մինչ այս պաշտոնին անցնելը աշխատել է ԼՂՀ-ում եւ դարձյալ, տեղեկությունների համաձայն, համարվում է Կարեն Կարապետյանի մտերիմը:

Առհասարակ նոր կառավարության կազմում ինչպես նշանակված նախարարները, այնպես էլ  վարչապետի օգնականներն ու խորհրդականները ժամանակին կամ աշխատել են Կարապետյանի հետ, կապ մտերիմ հարաբերությունների մեջ են նրա հետ: Այսպես, օրինակ` վարչապետի խորհրդական նշանակված Շուշան Սարդարյանը եղել է Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակը, երբ վերջինս քաղաքապետ էր, ընդ որում, նա Կարապետյանի հետ քաղաքապետարան էր տեղափոխվել  այն ժամանակ դեռեւս «Հայռուսգազարդից»: Կարապետյանը նշանակվեց վարչապետ, գործադիրում հայտնվեց նաեւ Շուշան Սարդարյանը:

Վարչապետի մեկ այլ օգնական նշանակված Արամ Վարդեւանյանը եւս համարվում է Կարապետյանի թիմի անդամ, եւ պատահական չի հայտնվել գործադիրում:

Նախարարներից շատերը եւս Կարեն Կարապետյանի հետ բավականին մտերիմ հարաբերությունների մեջ են, մի քանիսի հետ Կարապետյանը նախկինում աշխատել է, մի քանիսն էլ ծանոթ-բարեկամներ են:  Տեխնոկրատների՞, թե՞ յուրայինների կառավարություն է ձեւավորում «դրայվոտ» վարչապետը  հարցի պատասխանը կարելի է ստանալ` հետեւելով նշանակումներին:

Ի դեպ, պետական ապարատը կրճատելու մասին Կարապետյանի հայտարարությունները կարծես թե շրջանցում են իր իսկ ղեկավարած կառույցը: Կարապետյանն ունի տասը խորհրդական, որից չորսը՝ հասարակական հիմունքներով: Օգնականների պակաս եւս նորանշանակ վարչապետը չունի. այսօր նա ունի չորս օգնական:

Հավելենք, որ Կարապետյանի կողմից նախարար նշանակվածներն էլ զուգահեռաբար իրենց ղեկավարած գերատեսչություններում աշխատանքի են ընդունում իրենց ծանոթ- բարեկամներին,  կուսակից ընկերներին:

Փայլակ Ֆահրադյան