տուն Լուրեր Սամվել Ալեքսանյանն աջակցել է այն մշակույթին, որը ինքն է համարել մշակույթ. ռեժիսոր

Սամվել Ալեքսանյանն աջակցել է այն մշակույթին, որը ինքն է համարել մշակույթ. ռեժիսոր

131
0

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ գործարար Սամվել Ալեքսանյանը «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պարգևատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով։ Այն Ալեքսանյանին հանձնել է կինեմատոգրաֆիստների միության նախագահ, «Ոսկե ծիրան»փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

Araratnews.am-ը այս պարգևատրման շուրջ խոսեց ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ՝ փորձելով պարզել՝ արդյոք Ալեքսանյանը՝ որպես բարերար, որևէ ներդրում ունի հայկական մշակույթի զարգացման գործում։

«Հարություն Խաչատրյանը երևի պարգևատրել է, որ սրանից հետո Սամվել Ալեքսանյանը սկսի աջակցել մշակույթին։ Անկեղծ ասած, ինձ համար էլ էր անակնկալ»,- այսպես արձագանքեց ռեժիսորը՝ նշելով, որ նոր է լսում այդ մասին։

Իսկ արդյոք ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը տեղյակ է գեթ մեկ դեպքի, որ Սամվել Ալեքսանյանը աջակցել է մշակույթին․ «Դե, նա աջակցել է այն մշակույթին, որը ինքն է համարել մշակույթ։ Կարող ա մենք դա համարենք ոչ մշակույթ կամ հակամշակույթ։ Բայց եթե Սամվել Ալեքսանյանին  նման քայլերով կարողանան բերել իսկական մշակույթի դաշտ, այլ ոչ թե միայն այնտեղ, որտեղ, օրինակ, «Փարվանայում» հնչող երաժշտությունն ա, կարծեմ վատ չի լինի։ Մեր երկրի պրոբլեմը դա է եղել, որ գումարը 90-ականներին հիմնականում ոչ ճիշտ ձեռքերում է եղել, որ կարողանար մշակույթը զարգանար։ Եվ եթե այդ գումարները ճիշտ բաների վրա ծախսեն, կարծում եմ՝ վատ չի լինի»,- ասաց Բաղդասարյանը։

Նա նշեց, որ մասնակցել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը, և արտաքին տեսքն այս տարի ավելի լավն է եղել․ «Փառատոնն ուներ ֆինանսական դժվարություններ, բայց կարծում եմ՝ բացման արարողության  արտաքին տեսքն ավելի լավն էր, քան անցած տարի։ Կարծում եմ՝ ճիշտ որոշում էր, մի քիչ գուցեև ուշացած, երիտասարդներին փոխանցել փառատոնի մենեջմենթը։ Կարելի էր դա երկու տարի առաջ էլ անել։ Իրենք պետք է իրենց եռանդով նպաստեն, որ զարգանա»։