Մոտ մեկ ամիս է, ինչ նորակառույց, բազմահարկ «Մալաթիա մոլ» առեւտրի կենտրոնի տաղավարներից մեկի մոտ մարդկանց կուտակումներ են: Araratnews.am-ի լրագրողը հետաքրքրվել է և փորձել պարզել, թե ինչի հետ են կապված այդ կուտակումները: Պարզվել է, որ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ամեն օր Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին անվճար լավաշ է բաժանում՝ ամեն մեկին 3 հատ: «Գալիս ենք, ցույց ենք տալիս մեր անձնագիրը, տեսնում են, որ այս համայնքի բնակիչ ենք և մեզ ամեն օր երեք հատ լավաշ են տալիս, ապրի արևները»,- araratnews.am-ի հետ զրույցում ասել է հերթի մեջ կանգնած Կառլեն պապը: Մեր լրագրողի այն հարցին, թե արդյոք 3 անվճար լավաշ տալը չնչին քայլ չէ՞ պատգամավորի կողմից և արժե՞, որ դրա համար վերջինիս հասցեին նման հիացական խոսքեր ասեն, հերթի մեջ հավաքվածները նշել են, որ մյուսները դա էլ չեն անում:
Նշենք, որ սկզբում այլ վարչական շրջանների բնակիչները ևս շտապել են օգտվել անվճար հացից, սակայն երբ հերթերն ու լավաշի պահանջարկը մեծացել է, ակցիայի կազմակերպիչները սահմանափակումներ են դրել և պահանջել, որ համայնքի բնակիչներն լավաշ ստանալու համար ներկայանան անձնագրերով:
Հ.Գ. Խայտառակություն է, որ այսօր հայն իր երկրում անվճար 3 հատ հացի համար հերթ է կանգնում։ Լավ, ի՞նչ են մտածում մեր իշխանությունները, չէ՞ որ սա առաջին հերթին իրենց համար է ամոթ: Կամ ի՞նչ է մտածում Սամվել Ալեքսանյանը, որ մարդկանց նվաստացնելով «բարեգործություն է անում»: Դրա փոխարեն ԱԺ-ում կարել է մի շարք օրենքներ ընդունել՝ ի օգուտ ժողովրդի, ու այդ ժամանակ ոչ մեկն այլևս կարիք չի ունենա նման «բարեգործությունների»:
Հիշեցնենք, որ մարդիկ հացի հերթեր կանգնում էին 90-ականներին՝ մութ ու ցուրտ տարիներին:
Ֆոտոշարքն՝ առաջիկայում:
Էմմա Պալյան
Լուսանկարը՝ aravot.am-ի: