տուն Լուրեր Սահմանադրությունը չի պարտադրում ԱԺ նոր նախագահ ընտրել

Սահմանադրությունը չի պարտադրում ԱԺ նոր նախագահ ընտրել

82
0

Մամուլի բոլոր հրապարակումները՝ կապված ԱԺ նախագահի հետ, անգրագետ են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Եթե Սահմանադրությունը պարտադրում է, որպեսզի մենք նոր կառավարություն ընտրենք, ապա Ազգային ժողովի հետ կապված որևէ պարտադրանք չկա։ Անկախ նրանից, ապրիլին ինչպիսի կառավարություն կընտրվի, օրենքը և Սահմանադրությունը չեն պարտադրում ԱԺ նոր նախագահ ընտրել։ Դրա համար ավելի ճիշտ կլինի կարդալ Սահմանադրության պահանջը, նոր նման հրապարակումներով հանդես գալ»,- նշեց նա։

Նշենք, որ մամուլում ԱԺ նախագահի հավանական թեկնածուների անուններից շրջանառվում են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի անունները:

Լրագրողների հետ զրույցում Շարմազանովն անդրադարձավ նաեւ Վիգեն Սարգսյանի՝ զինվորին արտերկրում բուժում ստանալու համար դրամահավաք կազմակերպելու կոչին: «Պետք է զերծ մնանք էմոցիոնալ գնահատականների գայթակղությունից և իշխանության ներկայացուցիչներին, օրինակ` պաշտպանության նախարարին, քննադատելու համար ցանկացած հումանիստական քայլ այլ տեսանկյունից ներկայացնենք։ Այս իմաստով ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, բայց կարծում եմ, որ մեր որդեգրած քրիստոնեական արժեքները գթասրտություն են պահանջում, ինչն էլ Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունն է»,- նշեց Շարմազանովը:

Նա դրական գնահատեց, որ Վիգեն Սարգսյանը, բացի ի պաշտոնե ունեցած պարտականությունները կատարելուց, զբաղվում է նաև դրամահավաքով։ «Ես նորմալ եմ համարում, որ պաշտպանության նախարարը, բացի իր պարտականություններից, նաև կարողանում է կոչով հանդես գալ, իր անձնական ներդրումն ունենալ, որպեսզի մենք կարողանանք նաև հասարակական աջակցություն ապահովել,- նշեց նա, կոչ անելով չաղավաղել փաստերը,- դա բանակի համար հրապարակային գումարներ հավաքել չէ, մի՛ աղավաղեք»։