Երևանի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Լրագրողների հետ զրույցում խոսելով որդու` Արման Սահակյանի ինքնաբացարկի և նրա` գործադիրում գործունեություն ծավալելու մասին, ԱԺ Նախագահը նշեց. «Ես ու իմ տղան եղել ենք Ազգային ժողովում և շատ լավ աշխատել ենք, ոչ մի նման խնդիրներ գոյություն չունեն: Պարզապես ինքն ավելի մեծ տրամադրվածություն ունի գործադիրում աշխատելու, դրա համար ասում է` ինձ համար միևնույն է, երկու տեղում էլ կարող եմ աշխատել: Այսինքն` նրա գործադիր գնալն իր համար հավանական մոտեցում էր»:
Դիտարկմանը, որ Արման Սահակյանի` գործադիրում լինելն այնքան էլ վարչապետի սրտով չէ, նա նշեց. «Ես կարծում եմ` դրանք ասեկոսեներ են, և միշտ մտածեք` ես երկու որդի ունեմ, որևէ մեկը չի կարող իմ երկու որդիներին այդպես տհաճ խոսակցությունների մեջ դնել, որովհետև իրենք ապրում են շատ բարեխիղճ և շատ բարի: Նման խնդիրներ չկան, առավել ևս, ես ինքս շատ մոտ եմ վարչապետի հետ»:
Հարցին, եթե առաջադրվի ԱԺ նախագահ, կհամաձայնի՞ նորից շարունակել իր պաշտոնը, թե՞ տեղը կզիջի երիտասարդներին, Սահակյանը պատասխանեց. «Ազգային ժողովում մեծ փորձություն ունեցող մարդիկ պետք է լինեն, աշխարհի ազգային ժողովներն են այդպիսին, բայց, բնականաբար, այն մոտեցումը` կուզե՞մ, թե՞ չեմ ուզի, դա քննարկման արդյունքներից է կախված, և չեմ կարծում, որ իմ Ազգային ժողովի նախագահ լինելով որոշակի մեծ դիրքորոշումներ են փոխվելու, այնպես որ, պետք է սպասենք 16-ին, 17-ին»:
Ինչ վերաբերում է ընտրախախտումների մասին ընդդիմադիր ուժերի հայտարարություններին, Գալուստ Սահակյանն ընդգծեց. «Տարիները կանցնեն, և այդ բոլոր խնդիրները ծիծաղելի կդառնան, որովհետև այս անգամ մենք կարողացել ենք ընտրական այնպիսի գործունեություն սկսել, որտեղ խախտումներ բացարձակապես չեն լինելու, և դա ընդունում է և՛ ընդդիմությունը, և՛ աշխարհի բոլոր դիտորդները: Մնացած բոլոր խնդիրները` դա ընդդիմադիր ճակատի գործունեության հետևանք է, որով փաստում են, որ իրենք էլ մասնակցում են ընտրություններին: Իսկ եթե ինչ-որ տեղ փող են վերցնում, կամ ինչ-որ մի բան կա, դրա համար համապատասխան մարմիններ կան, կարող են բռնել և դատապարտել»:
Անդրադառնալով ՊՊԾ գնդի ցուցակների դեպքերին, Գալուստ Սահակյանը նշեց, որ անկախ այն բանից` Նիկոլ Փաշինյա՞նն է, թե՞ մեկ ուրիշը, թեկնածուները ցանկանում են ավելի պոպուլյար երևալ հասարակության աչքին:
Նա չթաքցրեց, որ ընտրել է հանուն բոլոր հայերի մայրաքաղաքի, նշելով, որ այն այժմ ավելի լավն է, քան անգամ կոմունիստների օրոք:
Ի պատասխան իր հարսի մասին հարցի, թե արդյոք նա կլինի՞ Յավորովի անվան դպրոցի տնօրեն, Գ.Սահակյանը ասաց, որ հարսը երբեք դպրոցի տնօրեն չի լինի, քանի որ նա շրջանի լավագույն մանկապարտեզներից մեկի վարիչն է: