տուն Լուրեր Սահակյանը` Աշոտ Աղաբաբյանի բացակայության եւ Մարաբյանին լրագրողի հետ շփոթելու մասին

Սահակյանը` Աշոտ Աղաբաբյանի բացակայության եւ Մարաբյանին լրագրողի հետ շփոթելու մասին

110
0

11100

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ իր խնամին` Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշը) առողջական խնդիրներ չունի: Համենայնդեպս այսպես արձագանքեց մեր հարցին, թե ինչպես է Աշոտ Աղաբաբյանը: Նշենք, որ սեպտեմբերից սկսած վերջինս ԱԺ նիստերին չի մասնակցում: Նա նեղսրտեց սեփական կուսակցությունից այն ժամանակ, երբ հարկային մարմինները սկսեցին տուգանել իրեն, ինչից հետո որոշեց ընդհանրապես չգալ խորհրդարան:

Ի դեպ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան անգամ չի ճանաչում իր խմբակցության բոլոր անդամներին: Լրագրողներն  այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե վերջինս ճանաչո՞ւմ է արդյոք Մարինե Մարաբյանին: Սահակյանը նախ  մի քանի անգամ Մարաբյանի անուն-ազգանունը կրկնեց, այդ կերպ փորձ անելով հիշել նրա ով լինելը, հետո արձագանքեց. «Գիտեք, ես լրագրողներին բոլորին ճանաչում եմ, բայց անուններով չեմ ճանաչում»,- ասաց Սահակյանը:

Լրագրողները Սահակյանին տեղեկացրեցին, որ խոսքը ոչ թե լրագրողի, այլ հենց իր խմբակցության պատգամավորի մասին է, նա կրկին, մի քանի րոպե մտածելով, փորձեց հիշել պատգամավորին. «Հա, մեր Մարինե Մարաբյանի մասին է խոսքը: Նա միշտ պարտաճանաչ գալիս է, բայց իներտ պատգամավոր է»: Սահակյանը վստահեցրեց, որ Մարաբյանի բացակայությունները չեն անցել թույլատրելի սահմանը, իսկ եթե անցնեն, իրենք պատգամավորի աշխատավարձից պահումներ կանեն: