տուն Հասարակություն Բժիշկ Սա խոցելի է դարձնում ոչ միայն հղի կանանց, այլև նրանց ընտանիքներին և...

Սա խոցելի է դարձնում ոչ միայն հղի կանանց, այլև նրանց ընտանիքներին և հասարակությանը. հղիները պատրաստվում են ցույցերի ընդդեմ նոր օրենքի

190
0

pregnant-women

Հղի կանայք պատրաստվում են առաջիկայում մեծ ցույցերիˋ ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նոր օրենքի, որի համաձայն կրճատվելու է նրանց նպաստի գումարը:

2015-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթները մի շարք կետեր ունեն, որոնք առաջացրել են հղիների և կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների մոտ դժգոհություն:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի նախագահ Աննա Նիկողոսյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ ըստ օրենքի նոր փոփոխությունների՝ հղին իր 140 օրվա նպաստը պետք է ստանա համաձայն վերջին աշխատավայրում ունեցած  աշխատանքային ստաժի:

«Եթե 3 տարի և ավել է տվյալ գործատուի մոտ աշխատել, ապա կինը ստանալու է իր վերջին աշխատավարձի 80 տոկոսի չափով գումար 140 օրվա համար: Եթե աշխատել է 3 տարի, ապա 60 տոկոսի չափով է ստանալու, եթե մինչև մեկ տարի է աշխատել, ապա ստանալու է վերջին աշխատավարձի 40 տոկսոսի չափով: Դա զգալիորեն նվազեցնում է, պետք է գոնե հաշվի առնվի կնոջ ընդհանուր աշխատանքային ստաժը, թե նա քանի տարի է աշխատել: Կարող է կինը 10 տարի աշխատել է, և վերջին մեկ տարին ուրիշ հիմնարկ է տեղափոխվել,  ու, փաստորեն, այդ տարիների աշխատանքը զրոյացվում է: Նաև վերին շեմ է  սահմանվում, ըստ որի՝ առաջին և երկրորդ երեխաների դեպքում նվազագույն աշխատավարձի յոթապատիկից ավել կինը չի կարող ստանալ այդ 140 օրվա համար որպես նպաստ, իսկ երրորդ երեխայի դեպքում տասնապատիկից ավել»,-ասաց Աննա Նիկողոսյանը:

Նա նշում է, որ պետության կողմից  այդ քայլերն արվում են, որպեսզի նպաստի գումար հատկացվի չաշխատող հղի կանանց:

«Մենք կողմ ենք, որպեզի չաշխատող մայրերն էլ ստանան որոշակի գումար, բայց դա չպետք է լինի աշխատող կանանց փոխհատուցման հաշվին:  Չպետք է չաշխատող հղիին գումար տրվի աշխատող հղիների հաշվին: Պետք է բյուջեի վերաբաշխման այլ գործընթացներ իրականացվեն, որովհետեև տվյալ դեպքում դա ընդամենը կանանց կողմից փոխհատուցում է»,-ասում է  Նիկողոսյանը:

Մեզ հետ զրույցում նա նաև նշեց, որ օրենքում փոփոխությունները շատ կարճ ժամկետներում  են պատրաստվել և չեն ներկայացվել քննարկման հղիների, հասարակական կազմակեպությունների և, ընդհանրապես, հասարակության առջև:

«Մենք օմբուդսմենի գրասենյակի հետ համատեղ հայտարարությամբ ենք հանդես գալու: Նաև կազմակեպելու ենք խոշոր ակցիա հինգշաբթի օրը կառավարության դիմաց, որին մասնակցելու են և´ հղիները, և´ աշխատող կանայք, և´ նաև տղամարդիկ, որովհետև այս հարցը միայն կանանց չի վերաբերում, այն ընդհանուր մեր  հասարակությանն է վերաբերում, խոցելի է դարձնում ոչ միայն  կանանց, այլև ընտանքիներին և ընտանեկան բյուջեն»,-ասաց Նիկողոսյանը և հավելեց, որ իրենք բողոքի ակցիա են կազմակերպելու ընդդեմ օրենքի նաև նախագահականի դիմաց: