տուն Լուրեր Սա սոցիալական արդարության տեսակետից լուրջ խնդիր է. Քննարկում ԱԺ-ում` հղիների հարցի շուրջ

Սա սոցիալական արդարության տեսակետից լուրջ խնդիր է. Քննարկում ԱԺ-ում` հղիների հարցի շուրջ

108
0

TOSHIBA CAMCORDER

Այսօր Ազգային Ժողովում անցկացվեց քննարկում 2015-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթները:

Քննարկմանը ներկա էին նաև այդ օրենքների փոփոխություններին դեմ արտահայտվող ՀԿ-ները:

ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանին:

«Ամենամտահոգող հարցն այն է, որ  փորձել եք հղի կնոջ աշխատավարձի վրա հաշվակներ կատարելˋ ըստ տոկոսների: Միանգամից հարյուր տոկոսից անցել ենք ցածր տոկոսների: Սա սոցիալական արդարության տեսակետից լուրջ խնդիր է: Երկրորդˋ չի կարելի տարանջատել անձի ստաժը նախկին տարիների աշխատած ստաժից և հաշվել միայն վերջին գործատուի մոտ եղած աշխատանքային ստաժը: Այն դեպքում, երբ կինը աշխատում է  ֆիզիոլոգիական ծանր վիճակում: Կապ չունի 10 տարի է աշխատել, թե մեկ տարի, պետք է հաշվարկը անել 100 տոկոսի չափովˋ հաշվի առնելով նրա ֆիզիկական ծանր վիճակը: Այն դեպքում, երբ մենք ունենք դեմոգրաֆիական խնդիր, սոցիալական խնդիր, սա անընդունելի է: Ինչպես եք հաշվարկել, որ պետք է 40 տոկոս լինի, կամ 60 տոկոս: Ինչ-որ տեղ 80 տոկոսի հետ կարելի է համակերպվել, բայց ինչպես եք հաշվարկել 40 և 60 տոկոսը»,-ասաց տիկին Բիշարյանը:

Ի պատասխանˋ Սմբատ Սաիյանն ասաց, որ ժամանակավոր անաշխատունակության պարագայում 100 տոկոսով փոխհատուցում նպաստի միջոցով գրեթե չի իրականացվում:

«Եթե նայենք միջազգային փորձը, շատ քիչ երկրներ կան, որոնք 100 տոկոսով փոխհատուցում են տալիս: Նախագիծը շրջանառության մեջ դնելուց՝ բազմիցս ասվել է, որ  սա նախագիծ է, որի  քննարկման ենթակա այս տոկոսների համար հիմք է  հանդիսացել միջազգային փորձը:  ԽՍՀՄ-ում 40 տոկոս կիրառվել է քիչ աշխատանքային ստաժ ունեցողների համար, այդ մոտեցումը կիրառվում է նաև հետխորհրդային երկրներումˋ Մոլդովայում, Լիտվայում»,-պատասխանեց Սաիյանը: