Երեկ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների հարցը քննարկել է մի շարք քաղաքական ուժերի հետ: Նախագահի հետ հանդիպումներ են ունեցել նաև «Ժառանգություն» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը: Վերջիններիս և Սերժ Սարգսյանի հանդիպումը միանշանակ չընկալվեց հանրության կողմից, որովհետև մի քանի օր առաջ կուսկացությունը հնչեցնում էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Անդրադառնալով հարցինˋ Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ քննարկումները բնական քաղաքական գործընթացներ են, ուստի նրանք մասնակցել են քննարկումներին:
«Քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ «Ժառանգությանը» հարվածելով՝ իրենց տեղը կմեծանա, և սա առաջին անգամը չէ, որ մեր հասցեին վիրավորանքներ են հնչում: Ես այս ամենին հանգիստ եմ վերաբերում: Երեկ ընդամենը քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում մենք ներկայացրել ենք մեր մոտեցումները և հստակեցրել, թե որ դեպքում Սահմանադրական փոփոխությունների քննարկումներին կմասնակցենք, իսկ այս գործընթանցները դեռևս քննարկումները չեն»,-նշեց մեր զրուցակիցը:
Վերջինս ընդգծեց նաև, որ «Ժառանգությունը» բազմիցս տարբեր քաղաքական ուժերի հետ է հանդիպել և այդ հանդիպումները ոչ միանշանակ կարծիք են արթնացրել հասարակության շրջանում: Բանախոսի խոսքովˋ երեկվա հանդիումը այդ բազմաթիվ հանդիպումներից մեկն էր:
Այն հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի խմբակցությունը հանդիպումից հետո, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ակնկալիքի խնդիր չկա: Մենք ընդամենը ներկայացրել ենք մեր մոտեցումները և ասել, թե, որ դեպքում կմասնակցենք Սահմանադրական փոփոխություններին, իսկ մնացածն արդեն իշխանությունը պետք է իր ներսում քննարկի և պատասխանի մեր առաջարկներին»:
Վարդուհի Ստեփանյան