Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը: Վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուներ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Պարո՛ն Կարապետյան, նոյեմբերի 2-ի ասուլիսում լրագրողը ձեզ ուղղել է հարց. «Արդյոք դուք համակարծի՞ք եք հանրապետականների այն պնդումներին, որ որպես ՀՀԿ նախագահ եւ Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավոր Սերժ Սարգսյանն անփոխարինելի է»: Դուք տվել եք հետեւյալ պատասխանը. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի վարկանիշներին եւ հայտանիշներին որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ»,- ընթերցեց Նիկոլ Փաշինյանը: (Այս հարցը, հիշեցնենք` վարչապետ Կարեն Կարապետյանին էր ուղղել Araratnews.am-ի լրագրողը):
Փաշինյանն ասաց, որ Կարապետյանի պատասխանից ծագում է երեք ենթահարց: «Առաջինը` մենք բոլորս եւ նաեւ Սերժ Սարգսյանը մարդ է, համենայն դեպս, հինգ րոպե առաջվա տվյալներով` ԱԺ-ում դեռ շրջանառության մեջ դրված չէր Սերժ Սարգսյանին Աստված հռչակելու օրինագիծը: Աստված բոլորին երկար տարիների կյանք տա, բայց եթե մարդուն բան պատահեց` անփոխարինելի մարդուն, դուք մտածում եք` ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը: Երկրորդը՝ եթե Ս. Սարգսյանն անփոխարինելի է, ինչպե՞ս էիք դուք ակնարկում, որ պատրաստ եք գերագույն գլխավոր հրամանատարին փոխարինել: Արդյոք սա դավադրությո՞ւն է Ձեր կողմից մեր ազնիվ ցեղի նկատմամբ: Երրորդ` եւ սա արդյոք ձեզ չի՞ հիշեցնում մեր հարեւան ազգերից մեկի ղեկավարներից մեկին, ով Բրեժնեւին ասում էր. «Кто сказал, что Брежнев умер? Вот он стоит»:
Մոտենալով ամբիոնին` Կարապետյանն ասաց, որ ինչ-որ ասել է` շարունակում է մնալ այդ կարծիքին, որ ՀՀԿ-ն կորոշի վարչապետի թեկնածուին: Ինչ վերաբերում է Բրեժնեւի վերաբերյալ հիշատակմանը, ապա վարչապետն ասաց, որ չգիտի ինչ ասել:
Արձագանքելով` Փաշինյանը նկատեց, որ այդպես էլ գիտեր, որ հատկապես Բրեժնեւի հիշատակման մասին չէր պատասխանելու: Փաշինյանը նկատեց, որ եթե ՀՀԿ-ն առաջադրի Ս. Սարգսյանի թեկնածությունը որպես վարչապետի, Կարապետյանը համաձայնելու է, քանի որ մտածում է, որ նա անփոխարինելի է, եւ համաձայնելու է լինել փոխվարչապետ կամ վերադառնալ Մոսկվա: Կարապետյանն էլ ի պատասխան, որ Նիկոլ Փաշինյանը ինքը հարցնում, ինքն էլ պատասխանում է, եզրափակեց. «Շատ պարզ հայեցակարգ է, եւ ՀՀԿ-ն, ունենալով քվեն, առաջադրելու է իր թեկնածությունը: Ես ինքս իմ թեկնածությունը կառաջադրեմ, թե ոչ` թողեք իմ մեջ մնա»:
Փայլակ Ֆահրադյան