տուն Հասարակություն Ryanair-ի Միլան-Երևան առաջին ինքնաթիռը ժամանեց «Զվարթնոց»

Ryanair-ի Միլան-Երևան առաջին ինքնաթիռը ժամանեց «Զվարթնոց»

185
0

Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Ryanair-ի Միլան-Երևան-Միլան առաջին չվերթով Հայաստան ժամանած ինքնաթիռը։

Չվերթով ժամանած հյուրերին օդանավակայանում դիմավորեցին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը:

Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ: Տաթեւիկ Ռեւազյանն այսօր հայտնեց նաեւ, որ Հայաստանն աշխարհի հետ կկապվի ոչ թե 7, այլ 17 նոր ուղղություններով։

Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության առաջին չվերթը Հայաստան հունվարի 14-ին ամենայն հավանականությամբ կայացել է ուշացումով, այնպես, ինչպես նախօրեին տեղեկացրել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Խնդիրը Ryanair-ի հետ կապ չունի: Իտալիայում կարգավարները գործադուլ են անելու: Ես կապ եմ հաստատել ավիաընկերության ղեկավարության հետ: Սկզբում Հայաստանը ներառված է եղել չեղարկվող չվերթների ցանկում, սակայն հետո հանվել է: Երբ կոնկրետ տվյալներ լինեն, մենք անպայման կհաղորդենք: Խորհուրդ ենք տալիս հետևել կոմիտեի կայքին»,-ասել էր Տաթևիկ Ռևազյանը:

Ryanair ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ’Բրայենը հայտարարել էր, որ 2020թ.–ի հունվարից ուղիղ չվերթեր են իրականացվելու Երևանից Հռոմ և Միլան, 2020թ.–ի ամռանը կբացվեն Երևան–Բեռլին և Գյումրի–Մյունխեն չվերթերը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից:

Դեկտեմբերի 16-ին «Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն հայտարարել է, որ «Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից սկսելու է թռիչքներ իրականացնել ապրիլից: «Ապրիլից սկսում ենք թռիչքներ իրականացնել դեպի Վիեննա, Վիլնյուս: Այս ուղղություններով շաբաթը երկու անգամ կունենանք չվերթներ: Գները լինելու են բավական ցածր` 24.99 եվրոյից սկսած: Արդեն ցանկացողները կարող են ամրագրումներ անել»,- նշել է Ռադոն: