Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Ryanair ավիաընկերությունը, կորոնավիրուսի համավարակի պայմաններում թռիչքների կրճատման հետևանքով ծրագրում է 3000 աշխատատեղ կրճատել, աշխատակիցների աշխատավարձերն էլ իջեցնել մեկ հինգերորդով: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:
Ավիաընկերությունը հայտարարել է, որ մինչև 2022 թվականի ամառ չի ակնկալում ուղևորների կամ գների մինչկորոնավիրուսային մակարդակի վերականգնում:
Ավիաընկերությունը հայտարարել է նաև, որ ծախսերի կտրուկ կրճատման շրջանակում մինչև ուղևորափոխադրումների վերսկսումը հնարավոր է փակվեն Եվրոպայում ընկերության մի շարք բազաներ:
Ընկերությունը, որը պատրաստվում է հայտարարել 100 միլիոն եվրոյի վնասի մասին, տեղեկացրել է, որ աշխատատեղերի կրճատումը կսկսվի հուլիսից: Կրճատումները հիմնականում կվերաբերվեն օդաչուներին և բորտուղեկցորդներին: