Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը ևս մեկ տարով երկարաձգում է մթերային էմբարգոյի կիրառումը այն երկրների նկատմամբ, որոնք սահմանել են հակառուսական պատժամիջոցներ: ՌԴ կառավարության ղեկավարը հրամանագիր է ստորագրել և հաստատել ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ ներկրման արգելքը կկիրառվի մինչև 2016թ օգոստոսի 5-ը: Սա պատասխան քայլ է հունիսի 22-ին ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման երկարաձգմանը: Ապրանքների ցանկը գրեթե չի տարբերվում նախկինից, և դրանում շարունակում է մնալ մսամթերքը, կաթնամթերքը, ձկնեղենը, բանջարեղենը եւ այլն:
Նման զարգացումները ձեռնտու է ինչպես ռուսաստանյան, այնպես էլ մեր տեղական գյուղմթերք արտադրողների համար, լայն հնարավորություն ստեղծելով արտահանումների ծավալների ընդլայնման համար հատկապես դեպի ռուսական շուկա:
Կարևոր է նաև, այն որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ արտահանման ընթացակարգերն առավելագույնս պարզեցվել են, ստեղծվելով բարենպաստ պայմաններ գյուղմթերքի արտահանման համար:
Հայաստանում տարին նույնպես նպաստավոր է՝ բերքառատ: Այդ առումով մի փոքր բախտները չբերեց Ուզբեկստանի գյուղատնտեսների, որոնք ցրտահարության պատճառով ծիրանի բերքի կորուստ ունեցան, իսկ քանի որ նրանք նույնպես ծիրանի մեծածավալ արտահանումներ են իրականացնում դեպի Ռուսաստանի Դաշնություն, ապա այս տարի հայկական ծիրանը ռուսական շուկայում շատ ավելի մեծ պահանջարկ ունի:
Հանրապետությունից օրական շուրջ 1000 տոննա ծիրան է արտահանվում, և արդեն իսկ արտահանվել է 5500 տոննա:
Ընդհանուր առմամբ, այս տարի Հայաստանից արտահանվել է շուրջ 30 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 300 տոննայի դիմաց: