ԿԲ-ն ներկայացրել է վերջին շաբաթվա ամփոփ տվյալներ, ըստ որի, գնել են շուրջ 70 միլիոն և վաճառել ավելի քան 145 միլիոն դոլար: Ինչպես նկատեցինք4 այս օրերի ընթացքում սովորական քաղաքացիները չէին կարողանում դոլար գնել: Թե ովքեր են դոլար գնողները՝ պարզ չէ:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է՝ սա հարցի մյուս կողմն է. «Այստեղ հարցն այն է, թե որտեղի՞ց են բանկերն այդ դոլարները վաճառել»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Կարպետյանը:
«Հայաստան մտնող դոլարների քանա՞կն է ավելացել, մասնավոր բանկերը պահուստնե՞ր են ունեցել, ո՞րն այս ամենին տնտեսական բացատրությունը»,- փորձեց պարզաբանել Արամ Կարապետյանն ու նկատեց՝ միանշանակ, կա արտաքին միջամտություն:
«Կամ ռուսական շուկայից եկող ռուբլին է վերածվել դոլարի, կամ պարսիկներն են եկել գնել. ուրիշ մեծ հոսք չունենք»,- ասաց Արամ Կարապետյանն ու ավելացրեց, որ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանից է հոսք եղել և պարտադիր չէ՝ ռուսներն առած լինեին, գուցե հայերն են ռուբլի ուղարկել՝ վերածելով դոլարի:
Ըստ Արամ Կարապետյանի, բնական է՝ եթե ռուսական շուկայում ռուբլու մեծ կորուստ կա, պետք է դոլար գնելու այլ տեղեր փնտրվեին:
«Հայաստանի շուկան փոքր է, բայց մեզ համար շատ ազդեցիկ են այդ փողերը»,— պարզաբանեց Արամ Կարապետյանն ու շեշտեց, որ ԿԲ-ն պետք է կամ վարչարարական միջոցներ կիրառեր և թույլ չտար, կամ այնպիսի փոխարժեք սահմաներ, որ ձեռնտու չլիներ այստեղ դոլար գնել:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա Արամ Կարապետյանի կարծիքով, այն անմիջական կապ ունի Ռուսաստանում տիրող տնտեսական վիճակի հետ, և այնտեղ ցանկացած փոփոխություն մեզ մոտ ունենալու է անմիջական ազդեցություն:
«Ամեն ինչ կախված է նավթի գնից, իհարկե սանկցիաններն էլ իրենց բաժինն ունեն, բայց նավթի գինն է էականը»,-նկատեց պարոն Կարապետյանն ու մտավախություն հայտնեց, որ կիրառվող սանկցիաները գուցե սաստկանան: