տուն Քաղաքական Վերլուծական Ռուսաստանի տնտեսական վիճակի հետևանքները Հայաստանի տնտեսության վրա

Ռուսաստանի տնտեսական վիճակի հետևանքները Հայաստանի տնտեսության վրա

177
0

54

2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների ու ծառայությունների արտահանման ծավալները նվազել են 15.2 միլիոն դոլարով, կամ 6.5%-ով: Եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանման ծավալը կազմում էր 235.0 միլիոն դոլար, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին այն նվազել է մինչև 219.8 միլիոն դոլար: Ընդ որում, պետք է նշել, որ արտահանման ծավալները հիմնականում նվազել են սննդամթերքի ապրանքախմբի գծով: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 182.1 միլիոն դոլարի սննդամթերք և խմիչք: Իսկ այս տարվա տվյալներով՝ արտահանման ծավալները կրճատվել են 16.3 միլիոն դոլարով, կամ 9%-ով:

Արտահանման ծավալների նվազումը հիմնականում պայմանավորված էր «Վերին Լարսի» անցակետի ժամանակավոր փակման գործոնով: Լինելով ցամաքային երկիր, Հայաստանը մեծապես կախված է Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքներից, որոնք սպասարկում են Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության գրեթե 70%-ը:

Վրաստանից դեպի Ռուսաստան տանող մայրուղու Կազբեկի-Վերին Լարսի սահմանային լեռնանցքը այս տարվա մայիսի 17-ից մեկ ամսով փակ էր: Օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը ճանապարհը դարձյալ փակվեց սողանքի պատճառով: Այս ամիսներին դեպի Ռուսաստան սովորաբար արտահանվում է օրական ավելի քան 50 տոննա ապրանք: Վրաստանից դեպի Ռուսաստան տանող մայրուղու գործունեության խափանումները բացասական մեծ ազդեցություն են ունենում արտահանման և, հատկապես, սննդամթերքի արտահանման ծավալների վրա, ինչը դեպի Ռուսաստան արտահանման ծավալների  գերակշիռ մասն է կազմում:

Սննդամթերքը և, հատկապես, միրգը և բանջարեղենը  համարվում են  սեզոնային ապրանք, և սպառման ծավալները ուղիղ կախվածություն ունեն սպառման ժամանակահատվածից: Անցակետի փակումը ուղղակիորեն ազդում է մատակարարումների գրաֆիկի փոփոխության, բերքի որակի և, հետևաբար, սպրանքի առաջարկվող գնի նվազման վրա:

Այս իրավիճակում շատ մատակարարներ բերքի փչանալուց խուսափելու համար դիմում են ներքին շուկայում սպառման այլընտրանքային ուղիներին: Այժմ Հայաստանը, օգտվելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններից, փորձում է ներթափանցել նոր շուկաներ, և եթե արտահանման գործարքները ժամանակին չեն կատարվում անհրաժեշտ ծավալով, ապա այդ հանգամանքը որոշակի չափով վնասում է երկրի տնտեսության մրցունակությանը և վարկին:

Պտղի արտահանման ծավալների նվազման պատճառ էր հանդիսացել նաև ծիրանի և այլ մրգերի բերքի զգալի կորուստը, ինչը մայիսյան ցրտահարությունների արդյունք  էր:

Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների արտահանման ծավալների նվազման երկրորդ պատճառը Ռուսաստանում ընդհանուր սպառողական պահանջարկի կրճատումն էր, որի մասին նշում են այդ երկրի առևտրային բանկերի մի շարք ճանաչված վերլուծաբաններ, ինչպես նաև այլ հայտնի  մասնագետներ: Հայաստանի տնտեսությունը, կարելի է ասել, արդեն որոշակի չափով սերտաճել է ռուսական տնտեսությանը, և Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն են արտացոլվում Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի վրա:

Ռուսաստանի Դաշնության  տնտեսության թուլացումը հանգեցնում է Ռուսաստանում հայկական ապրանքների նկատմամբ գնողունակ պահանջարկի նվազմանը, ինչն էլ, իր հերթին, բերում է արտահանման ծավալների կրճատմանը:

Տիգրան Խաչատրյան