Ռուսաստանի շահերից է նաև բխում, որ հայ-թուրքական հարաբերությունները զարգանան, և սահմանը բացվի: Այս մասին araratnews.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Մոսկվան պատրաստ է աջակցելու Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններին, երբ դրանք սկսվեն, և կողջունի, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացումը:
«Մի կողմից, կարծես, Թուրքիան շատ հստակ կապում է ղարաբաղյան հարցը հայ-թուրքական հարաբերությունների հետ, կարծես, ոչ մի առաջընթաց չի կարող լինել, բայց չպետք է մոռանալ, որ ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են, Թուրքիան և Ռուսաստանը Եվրամիության հետ լրջագույն պրոբլեմներ ունեն: Վերջին ժամանակներում Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության առանձին երկրների հետ էլ ավելի են վատթարացել, և Ռուսաստան-Արևմուտք, Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների վատթարացման կողքին Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարծես թե նորից սկսում են լավանալ: Այդ ամբողջ բարդ պրոցեսները իրոք կարող են բերել նրան, որ Ռուսաստանին էլ է ձեռնտու Թուրքիայի հետ աշխատելը՝ նաև Հայաստանի միջոցով: Ռուսաստանի շահերից է նաև բխում, որ հայ-թուրքական սահմանը բացվի»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ իրենք էլ պատրաստվում են միջնորդ լինելու ռուս-թուրքական հարաբերություններում այն դեպքում, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն արդեն բարիդրացիական են, ապա քաղաքագետն ընդգծեց. «Ալիևը մի բան հասկանում է… ռուս-թուրքական հարաբերություններն ուզած-չուզած պետք է լավանան, տարբեր հարցերում Ռուսաստանն ու Թուրքիան շատ տարաձայնություններ ունեն, բայց անխուսափելի է նրանց հարաբերությունների զարգացումը Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների ֆոնին: Ալիևը մտահոգված է, որ այդ լավացումը կարող է բերել նրան, որ թուրք-հայկական հարաբերությունները դեպի դրականը գնան: Ալիևը դրանից է վախենում, հենց դա է պատճառը, որ նա արագ արձագանքեց, որ իրենք էլ պատրաստ են աջակցելու, որ լավանա ռուս-թուրքական հարաբերությունները: Եվ եթե իրենք միրջնորդ լինեն, ակտիվ լինեն, ամեն ինչ կանեն, որ Ռուսաստանը չանի այդ քայլը հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի հետ բանակցությունների շրջանում»:
Քաղաքագետը նաև հավելեց. «Հայ-թուրքական հարաբերություններն Ադրբեջանի համար մահ են, քանի որ եթե Թուրքիան սկսի մեզ հետ աշխատել, ապա Ադրբեջանը կկորցնի երկիր, որն ամբողջությամբ աջակցում է իրենց Ղարաբաղի հարցում»:
Իսկ արդյո՞ք Թուրքիան կգնա նման քայլի հարցին ի պատասխան մեր զրուցակիցը նշեց. «Սահմանի բացմանը Թուրքիան կհամաձայնի, թե ոչ` դա ուրիշ հարց է: Ես չեմ կարծում, որ թուրքերն այդպես հեշտ կհամաձայնեն սահմանը բացելուն կամ ինչ-որ քայլերի գնալուն, բայց չպետք է մոռանալ Ռուսաստանի գործոնը. Ռուսաստանն այլ խաղացող է, իրենք կարող են շահագրգռություն ցույց տալ, ու Թուրքիան չկարողանա մերժել»:
Գրիգորյանի խոսքով՝ այնուամենայնիվ, Թուրքիան այսօր ուրիշ լրջագույն խնդիրներ ունի. «Եվրոպայի հետ լուրջ պրոբլեմներ ունի, երկրի ներսում` քրդերի հետ, Սիրիայի հետ գրեթե պատերազմական գործողությունների մեջ է, բայց այն, որ Ռուսաստանն է բարձրացնում այդ հարցը, դա փոխում է հարցի էությունը: Դրա համար էլ ադրբեջանցիները խառնվեցին իրար»: