Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Դուշանբեում Անկախ Պետությունների Համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը:
«Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն ուղղված ցանկացած պայմանավորվածություն: Կարծում ենք, որ Դուշանբեում տեղի ունեցած զրույցը կնպաստի այդ խնդրի լուծմանը»,- Trend.az-ը մեջբերել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքը:
Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունում նաև նշել են, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին միջնորդական աջակցություն տրամադրել՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը:
Հիշեցնենք, որ Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ պաշտոնական զրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների սահմանին լարվածության թուլացման ապահովման ուղղությամբ: