Այսօր Ռուսաստանում հանդիպելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախագահները բանակցություններ են վարելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Թեմայի շուրջ Araratnews.am—ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի հետ:
— Սերժ Սարգսյանն ու Ալիևն այսօր հանդիպելու են, ի՞նչ ակնկալիքներ ունի այս հանդիպումից պաշտոնական Ստեփանակերտը:
— Ակնկալիքները, ինչպես միշտ, դրական են: Հուսով ենք, որ այդ հանդիպումը կարևոր դեր կունենա խաղաղության եւ կայունության պահպանման գործում: Հիմնական թեման լինելու է վստահության միջոցների ներդրման շուրջ, այսինքն՝ այդ մեխանիզմների մշակման եւ կիրառման, որոնք հնարավորություն կտան վերահսկելու հրադադարի ռեժիմի պահպանումը եւ արձանագրելու խախտումները: Իհարկե, մեկ կամ երկու հանդիպումը բավարար չէ. սա գործընթաց է, որը մեկնարկել է Վիեննայում եւ պետք է շարունակություն ունենա:
— Այս հանդիպումը նախաձեռնել է ռուսական կողմը, եւ կարծես թե ակնհայտ ակտիվություն է դրսևորում: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված:
— Ես այդտեղ չեմ տեսնում Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև ինչ-որ պայքար: Ռուսաստանը նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է եւ բազմաթիվ անգամ նախաձեռնել է տարբեր հանդիպումներ, այնպես, ինչպես ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Այն, որ բոլոր համանախագահները եւս մասնակցելու են այսօր տեղի ունեցող հանդիպմանը, ցույց է տալիս, որ դիտարկել այդ հանդիպումը որպես Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պայքարի ձև , ճիշտ չէ:
— ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, նշելով, որ հանդիպումը պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի ուղղությամբ աշխատանքների համար: Ի՞նչ համաձայնագրի մասին է խոսվում, կարո՞ղ եք պարզաբանել:
— Գուցե այդ համաձայնագիրը պետք է լինի այդ միջոցների կիրառման ուղղությամբ (նկատի ունի վստահության մեխանիզմների մշակում եւ կիրառում — հեղ.): Խոսել բարդ քաղաքական հարցերի վերջնական եւ համապարփակ կարգավորման մասին առանց սկզբնական փուլում վստահության մեխանիզմների ներդրումը եւ կիրառումն իրականացնելու՝ անհնար է: Սա սկիզբն է, պետք է սպասել զարգացումներին:
— Նախքան եռակողմ հանդիպումը Պուտինն առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Տարբեր շրջանակներից մտահոգություններ են հնչում, որ ՌԴ նախագահը կարող է կողմերին պարտադրել որոշակի լուծումներ, մտահոգվելու առիթ տեսնո՞ւմ եք:
— Չեմ կարծում: Ինչո՞ւ պետք է նման բան լինի: Ռուսաստանը միշտ ասել է՝ որևէ պարտադրանք չի լինելու. դա ասել են նաեւ մյուս համանախագահները: Նրանք ոչ թե պարտադրող կողմ են կամ դատավոր, այլ միջնորդ: Նման հնարավորություն չկա: Ես հասկանում եմ՝ հիմա մոդայիկ է Ռուսաստանին քննադատելը, բայց իմաստը ո՞րն է:
— Այսինքն՝ համոզված եք, որ Ռուսաստանը պարտադրանքի լեզվով չի՞ խոսի:
— Ինչո՞ւ պետք է խոսի, պատճառը ո՞րն է: Ոչ նման հնարավորություն կա, ոչ էլ անհրաժեշտություն: Պահպանվում է հավասարակշռությունը, Պուտինը բազմիցս հայտարարել է՝ ընդունելի է լինելու այն տարբերակը, որը կընդունեն բոլոր կողմերը: Բոլոր կողմերի թվում պետք է հասկացվի նաեւ Արցախի Հանրապետությունը:
Շողիկ Գալստյան