Դաշնային Խորհրդում հիշեցրել են, որ ՌԴ-ն լուրջ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին զինված ուժերի ձեւավորման հարցում, այդ թվում՝ ժամանակակից տեխնիկայի մատակարարումների տեսքով:
«Բայց մեզ ամենեւին ձեռնտու չէ այն, թե նրանք այսօր ինչպես են օգտագործում այդ տեխնիկան, եւ մենք իրավունք ունենք ասել այդ մասին, պահանջել եւ որոշակի ճնշում գործադրել: Իհարկե, Ռուսաստանը կարող է դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը, եթե չդադարի իրավիճակի սրումն ու զինված հակամարտությունը, իսկ այս դեպքում այն ամենը, ինչ կատարվում է սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կողմից, այսպես ասենք, չափազանց ագրեսիվ բնույթ է կրում»,- «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում հայտարարել է Դաշնային Խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանց Կլինցեւիչը:
«Այս դեպքում՝ ծանր սպառազինությունների, ռեակտիվ-համազարկային կրակի համակարգերի կիրառում: Ընդ որում, աղբյուրները նշում են, որ «Սոլնցեպյոկ» համակարգերով լուրջ ստորաբաժանում է գործի դրվել: Դա գերժամանակակից զենք է, որը, որպես կանոն, կիրառվում է, երբ առաջնագծում լուրջ հարձակողական գործողություն է նախապատրաստվում»,- նշել է Կլինցեւիչը:
Սենատորը նաեւ հավելել է, որ Ադրբեջանին զենքի մատակարարումները դադարեցնելու մասին որոշումը պետք է կայացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, քանի որ «դրանք շատ բարդ պայմանագրային հարաբերություններ են, որոնց մի մասը գաղտնի բնույթ է կրում»: